Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Արմեն Սարգսյանն ավելի վաղ հանդիպել էր վարչապետ Կարեն Կարապետյանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը, որի շրջանակում կատարվեց Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Արմեն Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը: Միջոցառմանը մասնակցում էր 1300 մարդ, այդ թվում՝ հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաեւ լրատվամիջոցների ղեկավարներ:
Կառավարության հրաժարականից 8 օր հետո Ազգային ժողովը նոր վարչապետ կընտրի, ով, ըստ նոր Սահմանադրության, դառնալու է երկրի փաստացի ղեկավարը։ Հանրապետականները հայտարարում են, որ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանից զատ այլ անձի չեն տեսնում։