24.11.2024
Ովքե՞ր չմասնակցեցին ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը
prev Նախորդ նորություն

Հայաստանը վերաարտահանում է դեպի ՌԴ թուրքական լոլի՞կ. Ռուսաստանը կասկածում է

ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ Հայաստանը վերաարտահանում է թուրքական լոլիկն ու ապրիլի 11-ից ստուգումներ կիրականացնի հայկական ձեռնարկություններում: Գերատեսչության մամուլի ծառայությունը նշում է, որ Հայաստանում «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել թուրքական լոլիկը հանրապետության տարածքում արտադրվածի անվան տակ արտահանելու համար»:


Հարցը ապրիլի 6-ին քննարկվել է «Ռոսսելխոզնադզորի» բանակցություններում ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության փոխղեկավար Եղիշե Մարգարյանի հետ:


«Հայաստանից ռուսական շուկա լոլիկ է արտահանում հիմնակնաում 2 ընկերություն «Սպայկա» ՍՊԸ-ն և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես սեփական արտադրությունը, այնպես էլ լոլիկ են մթերում այլ արտադրողներից: Վերջին 6 օրում վերոնշյալ կազմակերպությունները ՌԴ են ներկրել գրեթե 2000 տոննա լոլիկ: Արտադրության ծավալների աճն ու դեպի ՌԴ առաքումների ինտենսիվությունը վկայում են թուրքական լոլիկի հնարավոր վերաարտահանման մասին»,-հայտարարել է ռուսական գերատեսչությունը, գրում է «Կոմերսանտը»:


Իրավիճակը պարզաբանելու նպատակով «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից տեղեկություններ է պահանջել երկրում լոլիկ արտդրողների մասին, ինչպես նաև 2018-ին աճեցման ծավալների և արտադրման վայրերի մասին: Եղիշե Մարգարյանը խոստացել է անհրաժեշտ տվյալները ներկայացնել ապրիլի 10-ին:


Նմանատիպ մեղադրանքներով « Ռոսսելխոզնադզորը» հանդես էր եկել նաև 2016-ին:


Ըստ «Սպայկա» ընկերության տվյալների, 2016-2017թթ. ջերմոցային լոլիկի արտահանումը Հայաստանից հասել է տարեկան 30.000 տոննայի:


2017-ի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայում այժմ իշխող լոլիկի մատակարարների հետ և նույնիսկ «նեղել» նրանց: 2018-ի մարտին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 32 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել «Սպայկա» ընկերության հետ: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի և բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կգ և 2 միլիոն կգ համապատասխանաբար: