Ովքե՞ր չմասնակցեցին ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը
Այսօր կեսօրին Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը երդվեց և պաշտոնապես ստանձնեց ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը: Այսօրվանից Հայաստանը արդեն խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է:
Մինչև վերջին պահը նախագահականն ու Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը չհրապարակեցին հրավիրյալների ցուցակը և այս պահին էլ միայն արարողությունից արված լուսանկարներից կարելի է տեսնել, թե ովքեր էին ժամանել երդմնակալության արարողությանը: Համաձայն դրանց՝ արտերկրից ժամանած հյուրերը հաշված էին, նրանց թվում պետության նախագահներ կամ կառավարության ղեկավարներ չկային: Բացառություն էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Իսկ այլ պետությունները ներկայացված էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներով՝ ԱՄՆ և եվրոպական պետությունների դեսպաններ և այլն: Անգամ Ռուսաստանը այս անգամ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը ներկայացված էր թերևս միայն ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյով:
Ինչպես նախապես հայտարարվել էր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց երդմնակալության արարողությանը, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն ինչպես հաղորդում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից՝ Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Ինչ վերաբերում է ԱԺ հատուկ նիստին չմասնակցած ԱԺ պատգամավորների, ապա նրանց թիվն էլ բավարար էր: Բացակայում էր Ելք դաշինքը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա խոսնակի՝ Ծառուկյանը գտնվում է արտերկրում: