25.11.2024
Թուրքերը Հայոց Ցեղասպանության ժամանակ կիրառել են գերմանական արտադրության հրացաններ
prev Նախորդ նորություն

Հայաստանցի արտադրողի համար Ռուսաստանի շուկան հեռանկարային է. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովային, ով Հայաստանում է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Վարչապետը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կառուցողական փոխգործակցությանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության, սննդամթերքի անվտանգության ոլորտներում ի հայտ եկող խնդիրներն ընդհանուր են, և դրանք համատեղ լուծում են պահանջում: Կարծում եմ՝ այդ առումով մենք հասել ենք փոխգործակցության լավ մակարդակի»,-ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում, որոնք հանգեցնելու են գյուղատնտեսական արտադրանքի և, հետևաբար, այդ արտադրանքի արտահանման աճի: Նշելով, որ հայաստանցի արտադրողի համար Ռուսաստանի շուկան հեռանկարային է՝ վարչապետը կարևորել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը:

Աննա Պոպովան իր հերթին տեղեկացրել է, որ հայաստանցի գործընկերների հետ արդեն իսկ շատ հաջող համագործակցություն է ձևավորվել՝ մասնավորապես նշելով լաբորատորիաների և գիտահետազոտական հաստատությունների հետ գործակցությունը:

Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը՝ նա նշել է, որ տեղյակ է այն ջանքերին, որ Հայաստանը գործադրում է ոլորտի զարգացման և ընդհանուր շուկայի անվտանգության պահպանության ուղղությամբ:


Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել նաև ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի ընթացքում քննարկված հարցերի մասին:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանից ՌԴ արտահանվող գյուղմթերքի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: ՌԴ համապատասխան մարմինները մտադիր են ուժեղացնել Հայաստանից ներկրվող լոլիկների նկատմամբ հսկողությունը՝ վերաարտահանման կասկածներից դրդված:


Նման որոշում կայացվել էր՝ հաշվի առնելով, որ Հայաստանից Ռուսաստան զգալի մեծացել են լոլիկի ներկրման ծավալները, մինչդեռ արտադրության և արտադրողների մասին տեղեկատվությունը ի սպառ բացակայում են; ՌԴ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չնայած գործող էմբարգոյին, թուրքական լոլիկները անօրինական ճանապարհներով հայտնվում են Ռուսաստանի տարածքում Բելառուսից, Հայաստանից և Ադրբեջանից:


Հիշեցնենք, որ վերջերս գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով: Պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23370 տոննա, ինչպես նաեւ Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք եւ Ռումինիա: