Ռոսսելխոզնադզորը մտադիր է ուժեղացնել Հայաստանից ներկրվող լոլիկների նկատմամբ հսկողությունը՝ վերաարտահանման կասկածներից դրդված: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նման որոշում կայացվել է, հաշվի առնելով, որ Հայաստանից Ռուսաստան զգալի մեծացել են լոլիկի ներկրման ծավալները, մինչդեռ արտադրության և արտադրողների մասին տեղեկատվությունը ի սպառ բացակայում են:
ՌԴ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չնայած գործող էմբարգոյին, թուրքական լոլիկները անօրինական ճանապարհներով հայտնվում են Ռուսաստանի տարածքում Բելառուսից, Հայաստանից և Ադրբեջանից:
Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից մի շարք ապրանքների մատակարարումն արգելել էր ի պատասխան 2015 թվականի նոյեմբերի վերջին Սիրիայում թուրքական օդուժի հարձակմանը ռուսական Սու-24-ի վրա: 2016 թվականի աշնանից սկսած, սահմանափակումները աստիճանաբար վերացվում էին, սակայն Թուրքիայի համար ամենակարեւոր ապրանքներից մեկի՝ լոլիկի մատակարարման արգելքը պահպանվել է մինչեւ 2017-ի նոյեմբեր:
Ուստի «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները մտադիր են ժամանել Հայաստան և վերահսկել` որքան լոլիկ է բեռնվում այստեղ դեպի Ռուսաստան արտահանելու նպատակով և արդյոք հենց այդքան քանակությամբ բանջարեղեն է հասնում մաքսակետ։
ՍԱՊԾ-ի մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանի հավաստիացմամբ` ռուսական կողմը իրենց չի դիմել և ոչ էլ իրենց անհանգստությունն է ներկայացրել գրավոր տեսքով, ինչպես նաև չեն առաջարկել համատեղ վերահսկողություն իրականացնել։
Նա նաև հիշեցնում է, որ ռուս գործընկերների հետ մշտապես տեղեկություն են փոխանակում, և ռուսական ընկերությունը հնարավորություն ունի էլեկտրոնային ռեժիմով ծանոթանալ Հայաստանից արտահանվող մրգերի և բանջարեղենի յուրաքանչյուր խմբաքանակի ֆիտոսանիտարական հավաստագրերին։
Հիշեցնենք, որ վերջերս գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով:
Ինչպես հայտնում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23370 տոննա, ինչպես նաեւ Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք եւ Ռումինիա: