25.11.2024
Հայաստանցի արտադրողի համար Ռուսաստանի շուկան հեռանկարային է. վարչապետ
prev Նախորդ նորություն

Նախարարն ու ԳՇ պետը հետևել են բանակային զորամիավորման ստորաբաժանումների զորավարժությանը

2018թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է զորավարժություն 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


«Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով անցկացված զորավարժության նպատակն էր բանակային զորամիավորման զորամասերի, ուժեղացման և աջակցման ուժերի և միջոցների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման իրատեսության ստուգումը հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում, կառավարման մարմինների ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը:


Զորավարժության ընթացքում հստակեցվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում պաշտպանության կազմակերպման և անվտանգության ապահովման հարցերը:


Ապրիլի 6-ին զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ:


Համաձայն զորավարժության սցենարի` զորավարժարանում խաղարկվել են պայմանական հակառակորդի հարվածային խմբավորումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ:


Բանակային զորամիավորումն ուժեղացման միջոցներով և ուժերով վարել է օջախային պաշտպանական մարտական գործողություններ, մարտավարական և բանակային ավիացիայի հարվածներով ու հրետանու կրակով խոցել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հայտնաբերված պահեստազորը, օբյեկտներն ու նշանակետերը, վերականգնել դրությունը` հակառակորդին ստիպելով կնքել կրակի դադարեցման համաձայնագիր: