25.11.2024
Մամուլ. թեժ քննարկումներ պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ
prev Նախորդ նորություն

Թուրքերը Հայոց Ցեղասպանության ժամանակ կիրառել են գերմանական արտադրության հրացաններ

Թուրքական զորքերը հայերի կոտորածների ընթացքում հիմնականում կիրառել են գերմանական արտադրության հրացաններ և այլ զինատեսակներ: «Մաուզերը», որը երկու աշխարհամարտերի ընթացքում էլ Գերմանիայի համար փոքր զինատեսակների հիմնական արտադրողն է եղել, միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է մատակարարել Օսմանյան կայսրությանը, որոնք, գերմանացի սպաների գործուն աջակցությամբ, կիրառվել են Հայոց ցեղասպանության ընթացքում: Այս մասին ասված է Deutsche Welle-ի ծավալուն հոդվածում, որը հիմնված է Global Net - Stop the Arms Trade (GN-STAT) համաշխարհային ցանցի զեկույցի տվյալների վրա:


«Գերմանացի զինվորականները, որոնք ծառայում էին օսմանյան բանակում, մեծապես աջակցել են թուրքերին հայերի սպանությունների գործում: Ագրեսիվ զինվորականների մեծ մասը զինված էր «Մաուզեր» տիպի հրացաններով, իսկ սպաները՝ «Մաուզեր» ատրճանակներով», - այս մասին նշվում է զենքի վաճառքի դեմ պայքարող համաշխարհային ցանցի զեկույցում:


Թուրքական զորքերը հայերի՝ Մուսա լեռան դիմադրությունը ճնշելու համար կիրառել են նաև Գերմանիայի Էսսեն քաղաքում տեղակայված Krupp ընկերության թնդանոթները:


««Մաուզերը» հրացանների մենատերն էր Օսմանյան կայսրությունում: Հարցն այն է, թե ով է փաստացի մատակարարել զենքը Թուրքիային, ոչ միայն Ցեղասպանության շրջանում, այլ նաև Առաջին աշխարհամարտի ընթացքում: Ոչ ոք այս հարցը նախկինում չի բարձրացրել, ինչպես նաև այն, թե որքանով են գերմանացի զինվորականները մասնակցել սպանություններին», - գրված է զեկույցում:


Աղբյուրը գրում է, որ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գուակը հայտարարել է, որ Գերմանիան պատասխանատու է Ցեղասպանության համար: Նույն տարում լրագրող Յուրգեն Գոթշլիչը մանրամասնորեն գրել է Թուրքիայի եվրոպական թիվ մեկ դաշնակցի՝ Գերմանիայի ռազմական աջակցության մասին Վիլհելմ կայսրի ժամանակաշրջանում: Նշվում է նաև, որ շատ գերմանացի զինվորականները պատմել են հայկական կոտորածների մասին իրենց հարազատներին հասցեագրված նամակներում:


Զեկույցում մեծ տեղ է հատկացվել Թուրքիայի հարավարևելյան Ուրֆա քաղաքում ծառայող բարձրաստիճան գերմանացի սպա Մեյեր Գրաֆ Էբերհարդ Վոլֆսքեհլի նամակներին: Նա ծառայում էր թուրքական չորրորդ բանակի հրամանատար Ֆահրի փաշայի հրամկազմում: Գերմանացի սպան գրում է, որ քաղաքի հայ բնակիչները պատսպարվել էին տներում՝ թուրքական հետևազորից պաշտպանվելու համար:


«Հայերը գրավել էին եկեղեցուց հարավ ընկած տները: Երբ մեր հրետանին կրակեց տների ուղղությամբ, բազմաթիվ մարդիկ զոհվեցին տների ներսում, մյուսները փորձեցին նահանջել դեպի եկեղեցի, բայց նրանք ստիպված էին շրջանցել եկեղեցին բաց տարածքով, մեր հրետանին արդեն հասել էր տներին և կրակեց փախուստի դիմող ժողովրդի ուղղությամբ», - գրում է գերմանացի սպան իր կնոջը հասցեագրված նամակում՝ հավելելով, որ իր բոլոր հաձակումների ընթացքում հետևազորի գործադրմամբ լավ արդյունքի է հասել:


Զեկույցի մեջ նշվում է, որ մինչ գերմանական ընկերությունները զենք էին մատակարարում, իսկ գերմանացի զինվորները սովորեցնում էին դրանք կիրառության մեջ դնել, գերմանացի բարձրաստիճան սպաները Ցեղասպանության «գաղափարական հիմքերի» մասին էին խոսում:


Ըստ զեկույցի հեղինակի, այն, որ Գերմանիան կիսում էր Օսմանյան կայսրության անվստայությունը հայերի նկատմամբ, գաղտնիք չէր, երկուսն էլ վախենում էին՝ հայերը գործակցում են իրենց ընդհանուր թշնամու՝ Ռուսաստանի հետ: Մեջեբերվում է թուրք-գերմանական ստորաբաժանումների անդամ, Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվերի ընկեր Հանս Հումանի արտահայտությունը. «Հայերը կոչնչացվեն ռուսների հետ իրենց դավադրության համար: Դա բարդ է, բայց անհրաժեշտ»,- նշվում է զեկույցում: