Շատ չուրախանաք՝ շարունակելու ենք միասին աշխատել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում, դիմելով նախարարներին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ներկայացնելու ենք կառավարության հրաժարական: Շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար։ Չուրախանաք՝ շարունակելու ենք իրար հետ աշխատել նույն տեմպերով, նույն ռեժիմով»,- ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց 15-օրյա ժամկետում Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի առաջին եռամսյակում ըստ ոլորտների՝ միջոցառումների, ծրագրերի, գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումները և դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկած գործողությունները:
Ի դեպ, այսօր կառավարության վերջին դռնբաց նիստն էր՝ ապրիլի 9-ից սկսած նիստերը կանցկացվեն դռնփակ: Օրերս տեղեկացրել էինք, որ լրագրողական կազմակերպությունները պատրաստվում են պայքարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Երևան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների դեմ։
Ավելի քան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել, փաստելով, որ Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստում ընդունված և մարտի 30-ին ՀՀ գործող նախագահի ստորագրությամբ վավերացված երկու վերոհիշյալ օրենքներից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, իսկ երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ:
Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ գոհ է, որ նիստերն այսուհետ դռնփակ են լինելու: «Ես գոհ եմ, ասեմ հետևյալը. ընդհանրապես որևէ քայլ որ կատարում եմ, ես գիտակցում եմ , որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչը, իմ կարծիքով, կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խոր, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ այսուհետ Կառավարության նիստից հետո որոշում կկայացվի, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում և նախարարները կպատասխանեն լրագրողների հարցերին: