24.11.2024
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են ՀՀ-ում տեղակայվելու Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները. Պն պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ընդդեմ լրագրողների անտեսման

Լրագրողական կազմակերպությունները պատրաստվում են պայքարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Երևան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների դեմ։ Այս մասին հայտնում է Ազատությունը:


Ավելի քան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել, փաստելով, որ Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստում ընդունված և մարտի 30-ին ՀՀ գործող նախագահի ստորագրությամբ վավերացված երկու վերոհիշյալ օրենքներից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, իսկ երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ:


Լրագրողական կազմակերպությունները հայտարարությամբ փաստում են, որ այս օրենքներն ընդունելիս իշխող կոալիցիան անտեսել է լրագրողների և քաղաքացիական հասարակության կառույցների՝ նախագծերի վերաբերյալ քննադատությունը, այդ փաստաթղթերը նիստի օրակարգ ընդգրկելիս խորհրդարանը որևէ հանրային քննարկում չի անցկացրել, ավելին՝ «Երևան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու լրացումները՝ «որոնք հիմնականում վերաբերում են ԶԼՄ-ներին և հակասում են ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության սկզբունքներին, ընդունվեցին գործող ընթացակարգի բացահայտ խախտմամբ»։


«Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք հայտարարում ենք. նախաձեռնելու ենք գործընթաց և իրականացնելու ենք բոլոր հնարավոր քայլերը՝ նշված օրենքների հետադիմական դրույթները չեղարկելու նպատակով, այս գործընթացում ձգտելու ենք ստանալ հասարակության բոլոր շահագրգիռ կառույցների և անհատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությունը», - նաև ասված է լրագրողական կազմակերպությունների տարածած հաղորդագրությունում։