VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը վիժեցնելու մեկ ռեալ տարբերակ կա՝ Հայաստանում իրականացնել ամբողջական իշխանափոխություն` ՀՀԿ-ին զրկելով խորհրդարանական մեծամասնություն ունենալու իրավունքից: Իսկ սա հնարավոր է նախ եւ առաջ խորհրդարանը ցրելու եւ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում: Բայց ԱԺ-ն ցրելն այնքան էլ հեշտ չէ. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նոր Սահմանադրության համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել, եթե երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրում վարչապետ կամ եթե ԱԺ-ն չի հաստատում կառավարության ծրագիրը: Այդ դեպքում ՀՀ Սահմանադրության 92-րդ, 149-րդ եւ 151-րդ հոդվածների համաձայն` «ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»: Այլ կերպ ասած` իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությունը պետք է «ինքնասպանություն» գործի` դուրս գալով նոր վարչապետի ու կառավարության դեմ: Սա տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում դժվար է պատկերացնելը: Մեկ փաստ էլ. այս ամենի դեմ պայքարել կարող է թերեւս այն քաղաքական ուժը, որը ժամանակին պայքարեց սահմանադրական հանրաքվեի դեմ, որը ժամանակին բողոքարկեց ԱԺ ընտրությունները` չընդունելով ՀՀԿ-ի՝ մեծամասնությամբ խորհրդարանի լեգիտիմությունը: ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունները չեն պայքարել սահմանադրական գործընթացի դեմ, իսկ ԱԺ ընտրություններից հետո ընդունել են արդյունքները` խորհրդարանը եւ իշխանությանը համարելով լեգիտիմ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: Խորհրդակցության սկզբում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի. «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ եւ չափելի միջոցառումների մշակումը, եւ մինչեւ 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը»:
Ընթացիկ տարվա ընթացքում սա Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած երկրորդ խորհրդակցությունն է` ռազմավարական պլանավորման թեմայով: Վերջին մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ Սերժ Սարգսյանը խոսել է 2040-ի տեսլականի, այդ համատեքստում` չորս միլիոնանոց Հայաստանի մասին:
Նախագահականում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը բովանդակային առումով շատ նման է Սերժ Սարգսյանի նոր իշխանության ծրագրային շնորհանդեսի: Գործող նախագահը ուղերձ է հասցեագրում, որ իր նոր իշխանության առաքելությունն ասոցացված է համազգային օրակարգի, խնդիրների հետ: Նույնիսկ կարելի է պնդել, որ ժողովրդագրական քաղաքականությունը, գոնե ծրագրային մակարդակում, լինելու է Սերժ Սարգսյանի իշխանության գլխավոր այցեքարտը: Սա խիստ էական հանգամանք է, որովհետեւ Երրորդ հանրապետության նախորդ երեք իշխանությունները, դարձյալ ծրագրային մակարդակում, համազգային նպատակ, խնդիր են ձեւակերպել ԼՂ խնդիրը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը փոխում է Հայաստանի իշխանության ձեւավորման մոտիվացիոն հիմքը:
Մյուս կողմից` 2030-ը կամ 2040-ը մոգական կամ շատ հեռավոր տարեթվեր չեն, եւ 15-20 տարի հետ չորս միլիոնանոց Հայաստանի հեռանկարին հասնելու համար մեր երկիրը որակապես պետք է փոխվի հենց այսօրվանից: Կառավարման այսօրվա որակը, օլիգոպոլ համակարգը, կոռուպցիան, արտագաղթը խթանող հիմնական գործոններն են, եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում երկրի բնակչության թիվը գլորվեց հոգեբանական երեք միլիոնից ներքեւ: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն անկեղծ է իր հեռանկարային ծրագրերում, ապա նրա պատկերացրած եւ ղեկավարած Հայաստանների կոնտրաստն այնքան ակնհայտ է, որ հասարակությունը պարզապես չի հավատում հնչած խոսքին, ծրագրերին: Հայաստանում չի կարող մրցունակ տնտեսություն ձեւավորվել, ներդրումային միջավայրը բարելավել, եթե քաղաքացիները չեն վստահում պետությանը, այն նույնացնում են կոռուպցիոն համակարգի հետ: Նման համատեքստը միայն նպաստում է արտագաղթի տեմպերի աճին` երկիրը կանգնեցնելով ժողովրդագրական լուրջ աղետի, անվտանգության ռիսկերի առջեւ: Հայաստանում չի կարող լինել ազատական, մրցունակ տնտեսություն, եթե այդպիսին չեն պետական, քաղաքական համակարգերը: Այս հարցերի պատասխանները չեն տալիս ոչ «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթուղթը եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի ելույթը:
Մյուս կողմից` Սերժ Սարգսյանի բոլոր ծրագրերը հիմա ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացի հետ: Արդյոք Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ իր թիմն իշխանության է մնալու մինչեւ 2040թ-ը, թե՞ նրա իշխանավարման երրորդ ժամկետը իրապես պատմական է լինելու:
Այս հարցերի պատասխանները թերեւս կունենանք 2018-ի ապրիլից հետո, երբ իշխանությունը վերջապես դուրս գա, այսպես կոչված, նախընտրական ռեժիմից եւ բացահայտի իր իրական քաղաքականությունը»:
Նույն թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Դվին» հյուրանոցը վերակառուցման արդյունքում կարող է վերածվել խաղատան: Ըստ 2017թ. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխության՝ խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան: Ըստ տեղեկությունների՝ «Դվին» հյուրանոցը պատկանում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, եւ խաղատուն բացելով Երեւանի կենտրոնում՝ նա դառնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան մրցակիցը: Բայց Ծառուկյանն էլ անպատասխան չի թողնի այս մարտահրավերը՝ խաղատուն կառուցելով «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, որտեղ այս պահին ընթանում է հյուրանոցի շինարարություն, եւ որը կառավարելու է «Կեմպինսկի» ընկերությունը: Իսկ թե այդ տարածքներում 40 մլրդ դրամի ներդրում է արվել, թե ավելի շատ՝ որոշելու է կառավարությունը: Ոնց ուզի՝ այնպես էլ կորոշի, եթե արդեն չի որոշել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Պողոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ արժեթղթեր ու փոխառություններ: Փոխառությունները կազմել են 50 հազար ամերիկյան դոլար, իսկ որպես արժեթղթեր հայտարարագրվել է 330 դրամ բաժնեմաս: Նախկին նախարարի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտներ առհասարակ չի ունեցել: Հիշեցնենք, որ Պողոսյանը մշակույթի նախարար է նշանակվել դեռեւս 2007 թ. եւ ապա երկար տարիներ անընդհատ վերանշանակվել այս պաշտոնում»:
Նույն օրաթերթը գրում է. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարօրինակ «աբլավներ» են սկսվել ճանապարհներին: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ ճանապարհային ոստիկանությունը համատեղ «ակցիա» են անցկացնում բեռնատար ավտոմեքենաների վարորդների դեմ: Մայրաքաղաքում ու նրանից դուրս համատարած կանգնեցնում են բեռնատար ավտոմեքենաները եւ, մարդկանց գործից կտրելով, կշռում են ավտոմեքենաները իրենց բեռներով: Վայ նրան, ում ավտոմեքենայի բեռը սահմանված նորմերից ավելի լինի: Յուրաքանչյուր ավել 500 կգ–ի դիմաց տուգանում են 100 հազար դրամով:
Խմբագրություն դիմած վարորդներից Հակոբն ու Արմենը տուգանվել են համապատասխանաբար՝ 200 հազար ու 300 հազար դրամով:
– Սա խայտառակություն է, մեր հաշվին բյուջե են լցնում: Ընտանիք ենք պահում, ավազ ենք տեղափոխում եւ հանձնում շինարարական խանութներին, մեջը մի 6–7 հազար դրամ ենք աշխատում: Մի քիչ ավել ենք բարձում, երկու–երեք հարյուր հազար դրամով տուգանում են,– ասում է Հակոբը,–ես երկու ամսում այդքան չեմ աշխատում, որտեղի՞ց տամ:
Նա նշեց, որ նույն օրը նախարարության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իր հետ միասին մի քանի բեռնավորված մեքենաներ կանգնեցրին, բայց նրանցից մեկն ասաց՝ արա սրանք տրանսպորտի փոխնախարարի ավտոներն են, շառ են, բաց թողեք, գնան:
– Անտերը մենք ենք, մասնավորը, սա անօրինականություն է: Երեխեքիս հացից կտրում են: Տուգանելիս էլ էնքան արագ են գործում. հաջորդ օրը տուգանքի նամակը տուն են հասցնում,– պատմում է Արմենը:
Այսպես է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն Հայաստան պետության ճակատում» սկսել են թերահավատորեն վերաբերվել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ համագործակցությանը, քանի որ «ՔՊ»-ում չեն վստահում ճակատին եւ համաձայնության չեն գալիս համատեղ պայքարի հարցում։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին իր «ճանապարհային քարտեզը» ներկայացնելիս Փաշինյանը ճակատի հետ համագործակցության բացակայությունը «հիմնավորեց» այնտեղից հնչող տարատեսակ առաջարկներով։ Խնդրո առարկան բռնություն չկիրառելու, խաղաղ պայքար տանելու հարցն է։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, դրանից օրեր առաջ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «Հանուն Հայաստան պետության ճակատը» նրան վստահեցրել է, որ մարտի 30-ի հանրահավաքում հարթակից կհնչեցնեն իրենց պաշտոնական դիրքորոշումը։ «Այդպես էլ եղավ, հանրահավաքի ժամանակ ասացինք, որ մենք դեմ ենք բռնությանը, որ բռնություն կիրառողն իշխանությունն է»,- ասաց մեր աղբյուրը։
«Սակայն 1 օր անց Փաշինյանը հայտարարեց, թե տարբեր հայտարարություններ են հնչում։ Իսկ հիմա էլ նոր պահանջ են առաջ քաշում, թե բռնությանը բռնությամբ չպիտի պատասխանենք։ Սա արդեն մանկական խաղ է հիշեցնում»։ Այդուհանդերձ, ճակատում դեռ չեն հանձնվում եւ կշարունակեն բանակցությունները «ՔՊ»-ի հետ, քանի որ կարծում են՝ միայն համատեղ պայքարով է հնարավոր ժողովրդին ոտքի հանել․ «Անջատ գործելը, չմիավորվելը ձեռնտու են միայն իշխանություններին»։ Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ բանակցություններ են ընթացել «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ, շատերն են համաձայնել Սերժ Սարգսյանի դեմ համատեղ պայքարին, բայց չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ»․ երբ իրավիճակը թեժանա, կհայտնեն իրենց աջակցության մասին։ Իսկ ապրիլի 9-ին ճակատն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում»։
Նույն թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ հետաձգվում է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը, որի քննարկման գլխավոր հարցերից մեկը պետք է լինի երկար ժամանակ Թուրքիո հայ համայնքին լարվածության մեջ պահող՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը կրկին ստանձնած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցը: Վերջինս Հոգեւոր խորհրդին անվերջ ծանուցում է, որ դեռ չի կարող մասնակցել «հրավիրյալ» նիստին: «Աթեշյանը, որը չի հերքում, որ թուրքական իշխանությունները հաճախ միջամտել են պատրիարքի ընտրության գործընթացին, պարզապես չի ցանկանում մասնակցել»,- տեղեկացրեց Հոգեւոր խորհրդին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Հիշեցնենք` Ստամբուլի նահանգապետարանից ստացված նամակով թուրքական իշխանությունները հայտնեցին, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռեւս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետեւաբար՝ Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու եւ Գարեգին Բեքչյանին տեղապահ ընտրելու գործընթացն անվավեր է համարվում: Ի դեպ, այս հետաձգումը ձեռնտու է նաեւ Էջմիածնին. «Կաթողիկոսն Աթեշյանին կարգալույծ անել չի կարող, նա պատրիարքության ներկայացուցիչ է, եւ հետո` կան նուրբ հարցեր․․․ այնպես որ` սպասելը գուցեեւ ճիշտ է»:
«168 ժամ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից: Ավելին՝ ռուս-թուրքական վերջին ամիսների բոլոր բանակցություններն էլ ունեցել են բարդություններ: Բայց Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եվրասիական և ՀԱՊԿ շրջանակում գործընկերը: Ռուսաստանը գնահատում է իր բարեկամներին, և ցանկացած հարց կլուծվի հօգուտ բարեկամության»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին օրերին Անկարայում Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի միջև կայացած ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցություններին: Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն էլ նշել է, որ Թուրքիան գուցե փորձի օգտվել «Սկրիպալի գործով» արևմտյան երկրների կողմից դիվանագետների արտաքսման հետ կապված՝ Ռուսաստանի համար տհաճ իրադրությունից, համոզված լինելով, որ Ռուսաստանը Թուրքիայի որևէ պահանջ չի մերժի: Մալաշենկոն չի բացառել, որ քննարկումները և Թուրքիայի հավակնությունները հասնեն Ղարաբաղում ադրբեջանամետ լուծման:
«Բայց կարծում եմ՝ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը կչեզոքացնի նման պահանջները, քանի որ Ռուսաստանը «դատավորը» չէ, Ռուսաստանը միջնորդ է և չի ցանկանում կորցնել իր վերջին գործընկերներին: Ռուսաստանը փորձել է մշտապես տարածաշրջանում իր դիվանագիտական և ռազմական ներկայությամբ կանխել պատերազմական գործողությունների վերսկսման հեռանկարը, ինչն արեց նաև վերջերս: Ռուսաստանին ձեռնտու չէ ո՛չ պատերազմը, ո՛չ էլ բարեկամների հետ հարաբերությունների վատթարացումը: Իսկ Ղարաբաղյան թեմատիկան այն կարևորությունը չունի Թուրքիայի համար ներկայումս, որպեսզի էրդողանը համաձայնության չգա Պուտինի հետ»,- ասել է Մալաշենկոն»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է էլ ավելի ընդլայնվել: Մեր տեղեկություններով, այս տարի նախատեսված է եւս 5 «երեւան Սիթի» սուպերմարկետներ բացել: «Երեւան Սիթի»-ի գլխամասային գրասենյակից մեր թղթակցի հարցին ի պպատասխան նշել են, որ առայժմ երկու «Երեւան Սիթի»-ի բացումն է հստակ՝ Տիգրան Մեծ եւ Րաֆֆի փողոցներում, մնացածի մասին մանրամասներ չհայտնեցին: Հիշեցնենք, որ Տիգրան Մեծ փողոտա-37 շենքում շուտով բացվելու է հերթական «Երեւան Սիթի» սուպերմարկետը: Մինչ այդ այնտեղ գործում էր ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետը: Մեր տեղեկություններով՝ Ջրվեժում գտնվողն «Կրպակ» սուպերմարկետի փոխարեն նույնպես «Երեւան Սիթի» է բացվելու: Եվս 5-ով «Երենա Սիթի» սուպերմարկետների ավելանալու դեպքում՝ դրանց թիվը կդառնա 26»: