Հանրապետության Նախագահի մոտ ապրիլի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել հանրապետական գործադիր մարմինները, որոնք մինչ այժմ ոլորտային թեմատիկ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով: Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթներն իրականացրել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:
Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի, որոնց շուրջ քննարկման մասնակիցների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նույն ձևաչափով նախորդ հանդիպման ժամանակ:
«Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչև 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ և չափելի միջոցառումների մշակումը և մինչև 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը: Մենք պայմանավորվեցինք, որ մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման: Սա չափազանց կարևոր խնդիր է: Մենք այստեղ նաև պետք է նկատի ունենանք զգալի աշխատանք մեր հարկային դաշտում գործերը բարելավելու, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Մենք շատ ավելի կարճ ժամկետում և ոչ մինչև 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար:
Մենք խոսեցինք նաև, որ մեր հարկային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի հարկային բեռի ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկերին անցնելը: Կարծում եմ, որ սա ևս շատ կարևոր է, որովհետև եթե մենք ենթադրում ենք կամ կանխատեսում ենք հինգ կամ ավելի տոկոսի աճ, ապա մեր տնտեսությունը պետք է լինի մրցունակ: Եթե մենք մեր հիմնական ուղղություններից մեկը համարում ենք արտահանման խթանումը և արտահանման հաշվին նաև աշխատատեղերի ստեղծումը, բնականաբար, պետք է լինենք մրցունակ: Եվ այս առումով ևս մենք պետք է մտածենք, թե երբ ենք սկիզբ դնելու հարկային այս քաղաքականությանը, այսինքն՝ հարկային բեռն ուղղակիից անուղղակի տեղափոխելուն: Եվ ես կարծում եմ, որ երբ մենք ունենանք վերջնական փաստաթուղթ, դրանում պետք է նաև մեզ համար որոշակի ժամանակային թիրախներ սահմանենք»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը պետք է տեսանելի, հասկանալի և ընկալելի լինի ինչպես կառավարության բոլոր անդամների, այնպես էլ մեր քաղաքացիների համար: Նախագահի համոզմամբ՝ քաղաքացիների սատարման պարագայում գործադրվող ջանքերը շատ ավելի արդյունավետ կլինեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հակիրճ ներկայացրել է իրականացված աշխատանքների ընթացքը և արդյունքները՝ նշելով, որ մշակվել է հավակնոտ ու իրատեսական ծրագիր, որում արտացոլված են երկրում տնտեսության և կյանքի որակի փոփոխությունների ուղղությամբ թիրախները և նախատեսվող քայլերը:
Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում զեկուցել են մինչև 2030 թվականը Հայաստանի ռազմավարության նպատակային ցուցանիշներն ու հիմնական մոտեցումները: