24.11.2024
Մամուլ. լեգիտիմությունը կասկածի տակ է. ՀՀ նախագահն ընտրվում է Սահմանադրության խախտումով
prev Նախորդ նորություն

«Царь не настоящий». Մեծ Բրիտանիայի քաղաքացին ընտրվում է ՀՀ նախագա՞հ

Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ Ազգային ժողովը, ըստ նոր Սահմանադրության, պետք է ընտրի Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին, որը մինչ օրս եղել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը: Թեպետ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում, որին երկրի պետական կառավարման համակարգը վերջնական անցում կկատարի այս տարվա ապրիլից, նախագահն իրականացնելու է հիմնականում ներկայացուցչական գործառույթներ, սակայն Արմեն Սարգսյանի ընտրության լեգիտիմությունն արդեն իսկ դրվել է կասկածի տակ:


Նախօրեին ՀՀ ԱԺ ընդդիմադիր Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զայենալյանն իր Facebook-ի էջում հարապարակեց ՀՀ ոստիկանության տեղականքն առ այն, որ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում հանդիսացել է Հայաստանի քաղաքացի, ինչը Սահամանդրության պահանջն է: «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք», - ասված է ՀՀ Սահմանադրության 124 հոդված 2 կետում:


Արմեն Սարգսյանը պնդում է, բայց ապացույց չկա


Միեւնույն ժամանակ Արմեն Սարգսյանը պնդում է, որ 2011 թվականից դադարեցրել է 2000-ականների սկզբին շնորհված Մեծ Բրիտանիայի՝ իր քաղաքացիությունը, սակայն չի ներկայացնում իր խոսքերն ապացուցող տեղեկանք կամ այլ փաստաթուղթ: Այս հարցով Սարգսյանին Ազգային ժողովում դիմեց պատգամավոր Արտակ Զեյնալյանը, որին ի պատասխան Արմեն Սարգսյանը միայն բանավոր հաստատեց Միացյալ Թագավորության քաղաքացիությունը 2011 թ-ին դադարեցնելու փաստը: «Ես դիմել եւ հրաժարվել եմ Մեծ Բրիտանիայի իմ քաղաքացիությունը 2011 թ-ի դեկտեմբերին, սակայն չէի մտածում, որ ՀՀ սահմանադրությունը կարող է փոխվել եւ ես պետք է կանգնեմ Ազգային ժողովում ու պատասխանեմ ձեր հարցեին: Միայն ՀՀ քաղաքացի եմ», - ասաց նա:



Փաստաբան Վահե Գրիգոյանը կասկածներ ունի, որ Արմեն Սարգսյանը դեռեւս հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, կամ գոնե այնքան ժամանակ է եղել քաղաքացի, որ միայն ՀՀ քաղաքացի լինելու օրենքով սահմանված ժամկետը կարող է բավարարել չլինել նախագաի պաշտոնը ստանձնելու համար:



«Ինչպես գիտեք, քաղաքացիության մասին պետության օրենսդրությունը (կոնկրետ դեպքում՝ Միացյալ Թագավորության) ենթակա չէ մեկնաբանման այդ երկրից բացի որեւէ այլ պետության պաշտոնյայի կամ մարմնի կողմից, քանի որ քաղաքացիության հարաբերությունները բացառապես սուվերեն կարգավորման առարկա են», - նշում է նա իր Faceobook-ի էջում:


Բանն այն է, որ «Բրիտանական Քաղաքացիության մասին» 1981թ.-ի օրենքն ուժի մեջ է առ այսօր եւ ուժի մեջ է եղել Սերժ Սարգսյանի թեկնածուի կողմից բրիտանական քաղաքացություն ստանալու եւ դադարեցման պահին (ըստ վերջինիս մամուլին տրված պարզաբանումների): Համաձայն այդ օրենքի 12 հոդվածի կետ (2)-ի, անձի բրիտանական քաղաքացիությունը համարվում է դադարեցված այն պահից, երբ Միացյալ Թագավորության պետական քարտուղարը կատարում է քաղաքացիությունից հրաժարվող անձի՝ «Բրիտանական Քաղաքացիության մասին» 1981թ.-ի օրենքի 12 հոդվածի համաձայն ներկայացրած քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարության գրանցումը:


Այս մասին, համաձայն բրիտանական օրենսդրության անձին անմիջապես պաշտոնապես ծանուցվում է՝ տրամադրելով համապատասխան փաստաթուղթ, որով նա տեղեկացվում է իր՝ բրիտանական քաղաքացիության դադարեցնելու հայտարարության պետական գրանցման մասին:


«Բայց ոչ, դուք չեք տեսնելու այդ փաստաթուղթը կամ որեւէ փոխանինող ապացույց: Ձեզ նույնիսկ բանավոր չի պատասխանելու նման հարցի՝ պարոն Արմեն Սարգսյանը: Դրա փոխարեն, Սերժ Սարգսյանը հոգ կտանի, որպեսզի իր անձնական նպատակներով օգտագործվող թեկնածուն «ապացույցի» կարիք չզգա: ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչության կողմից նրան կապահովեն տեղեկանքով:


Եւ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի եւ այս չնչին եւ մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»,- գրել է Վահե Գրիգորյանը:


Նրա խոսքով, ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչության տրամադրած փաստաթղթի հիման վրա ՀՀ ԱԺ-ն «զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր եւ մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին»


«Царь не настоящий»


Նույն կասկածները կիսում է նաեւ ընդդիմադիր Ելք դաշինը, որի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ այս կերպ Արմեն Սարգսյանը կատարյալ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հայ հանրության հանդեպ: «Գործող Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող է լինել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը», - նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի շուրջ քննարկման ժամանակ ասաց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ կրկին մատնանշելով՝ Արմեն Սարգսյանը չի ներկայացրել փաստաթուղթ, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ:



Ապա նա քննադատեց Արմեն Աշոտյանի ելույթը, որում ՀՀԿ-ական պատգամավորն ակնարկեց, թե՝ մի՞թե այդ փաստաթղթի հարցն էր առաջնայինը, որ կարելի էր ուղղել Արմեն Սարգսյանին: «Արմեն Աշոտյան, այդ որ Հռոմից ու չգիտեմ որտեղից մերջբերումներ եք անում ու ցույց տալիս, որ կարդացած եք, բա Սահմանադրություն չեք կարդացե՞լ…թե Սահմանադրությունը ձեր կուսակցության համար նշանակություն չունի: Եթե չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը դիտե՞լ եք, որտեղ ասում են՝ «Войско взбунтовалось, говорят-царь ненастоящий»…Իվան Ահեղի ժամանակներից էլ առանցքային հարց է՝ «царь ненастоящий?», իսկ Աշոտյանն ասում է, թե դա ի՞նչ խնդիր է, որ»,-հեգնեց Փաշինյանը:


Նա նկատեց՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ 2011թ. հետո եղել է ՀՀ քաղաքացի. «Բայց գոյություն չունի տեղեկանք, որ նա Բրիտանիայի քաղաքացի չէ: Ստացվում է, որ մեր նախագահի թեկնածուն հերթական անգամ «ненастоящий»:


Փաշինյանը շարունակեց. «Պարո՛ն Սարգսյան, նշում եք, որ 2002 թ. ստացել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Այն ժամանակ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար պետք էր հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, Սահմանադրությունը երկքաղաքացիություն թույլ չէր տալիս: Այսինքն՝ ունենք նախագահի թեկնածու, ով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»,-ասաց նա:


Ապա Նիկոլ Փաշինյանը դիմեց դահլիճում նստած Արմեն Սարգսյանին: «Դուք նախագահ չեք ընտրվում, այլ իշխող մաֆիայի՝ կլանի անդամ եւ պարտադրված եք այդ կարգավիճակում լինել հնազանդ: Առաջին անգամ այսօր ինքնազգացողությունս վատացել է խորհրդարանում: Միջանցքում մոտեցել եմ այն ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնց հետ «բարեւ-բարլուս» ունեմ ու ասում եմ՝ կարո՞ղ է իսկականից սատանայական ուժ եք…ո՞նց կարելի է առաջին հայացքից անբիծ կենսագրություն ունեցող մարդուն բերել դնել մամլակի տակ եւ արժեզրկել նրա կենսագրությունը՝ հանուն ինչի՞…մի՞թե այս երկիրն այդպես էլ չի ունենալու օրինական նախագահ…սա անեծքի հերթական արարն է», - բորբոքված հայտարարեց Փաշինյանը:


Հիշեցնենք, որ 1998թ. պետական հեղաշրջումից հետո Հայաստանի նախագահներն ընտրվել են Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Ռոբերտ Քոչարյանը չուներ Սահմանադրությամբ պահանջվող 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում:


Նույնը եղավ Սերժ Սարգսյանի պարագայում. Սահմանադրության 78 հոդվածի համաձայն` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից` բացի ՀՀ նախագահից: Բայց այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, հակառակ Սահմանադրության այս պահանջին, շարունակեց պաշտոնավարումը: