VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանը ՀՀ նախագահ կընտրի Արմեն Սարգսյանին: Մինչ այդ, սակայն, իշխանությունները հասցրին ապականել նաեւ այս գործընթացը` կասկածի տակ դնելով Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը: Եւ, ընդհանրապես, պետք է նկատենք, որ 1998թ. պետական հեղաշրջումից հետո Հայաստանի նախագահներն ընտրվել են Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Ռոբերտ Քոչարյանը չուներ Սահմանադրությամբ պահանջվող 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում: Դրան գումարած ընտրությունների ժամանակ աղաղակող կեղծիքները եւ, վերջապես, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որից հետո նրա ձեռքին կենտրոնացավ ողջ իշխանությունը:
Նույնը եղավ Սերժ Սարգսյանի պարագայում. Սահմանադրության 78 հոդվածի համաձայն` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից` բացի ՀՀ նախագահից: Բայց այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, հակառակ Սահմանադրության այս պահանջին, շարունակեց պաշտոնավարումը, բացի այդ` կեղծված նախագահական ընտրություններին հաջորդեց մարտի 1-ի սպանդը: Հիմա էլ խնդիր կա Արմեն Սարգսյանի հետ. այդպես էլ սպառիչ պատասխան չի տրվել հարցին, թե ո՞վ պետք է ընտրի նախագահին՝ խորհրդարա՞նը, թե՞ ՀՀ քաղաքացին:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ դեռ ուժի մեջ չի մտել նախագահի ընտրության կարգին առնչվող Սահմանադրության 125-րդ հոդվածը: Խնդրի սահմանադրականության վերաբերյալ պարզաբանում պետք է տար ՍԴ-ն, քանի որ բացառապես այս մարմինն է օժտված նման լիազորությունով. այդ հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությունը տապալվեց: Եւ բացի այդ` երեկ խորհրդարանում բացահայտ կասկածի տակ դրվեց Արմեն Սարգսյանի՝ վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ ՀՀ-ում մշտական բնակության ցենզ ունենալու հանգամանքը: Բրիտանիայի նախկին քաղաքացին փաստորեն հավակնում է դառնալ ՀՀ նախագահ: Այսպիսով` ՀՀ իշխանությունները շարունակում են պաշտոնավարել՝ լեգիտիմության դեֆիցիտով»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ֆուտբոլային թիմեր ձեւավորելու ջանքերը կրկին բերել են Ռուբեն Հայրապետյան- Գագիկ Ծառուկյան հերթական բախման: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը այս օրերին հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի Նեմեցի հետ, փորձել է ուղիներ որոնել նրան ՀԱՕԿ նախագահի հետ հաշտեցնելու համար: Նա ոչ պաշտոնական այցով մի քանի անգամ հանդիպել է վերջինիս ու առաջարկներ ներկայացրել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռ. Հայրապետյանը անդրդվելի է մնացել եւ անտեսել է հաշտվելու մասին հորդորները, հասկացնելով, որ ֆուտբոլը իր մենաշնորհն է, եւ ինքը որեւէ մեկին թույլ չի տա իր իրավունքները ոտնահարել: Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային թիմեր ֆինանսավորելով փորձում է մտնել իր ոլորտ, ինքը չի հանդուրժի: Մեր տեղեկություններով՝ գործարարներն այս օրերին շարունակում են երկուստեք մեսիջներ ուղարկել եւ հստակեցնել, թե ում է պատկանելու հայաստանյան ֆուտբոլում մենաշնորհ ունենալու առաջնահերթությունը»:
«Չորրորդ իշխանություն» թերթը նաեւ գրում է. «Պատգամավորական մանդատից հրաժարված Հրայր Թովմասյանը, որի ջանքերով հորով-մորով արվեց իշխանությունների ջրաղացին ջուր լցնող սահմանադրական բարեփոխումների օրենքի նախագիծը, ցայտնոտի մեջ է: Նա այս օրերին տխուր-տրտում շրջում է ԱԺ միջանցքներում ու գրեթե ոչ մեկի հետ չի շփվում: «ՉԻ» տեղեկություններով՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Թովմասյանը փաստի առաջ է կանգնել: Նրան հանկարծակիի է բերել այն փաստը, որ Սերժ Սարգսյանն իր մտերիմների շրջանում հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը շատ երիտասարդ է Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար եւ կարող է զբաղեցնել միայն ՍԴ շարքային դատավորի պաշտոն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, շարունակում է հարստանալ ՀՀ պետական բյուջեի հաշվին: Բանն այն է, որ նրան պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքում են տեղակայված մի շարք պետական գերատեսչություններ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, ԱՎԾ Երեւանի տարածքային ստորաբաժանումը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը եւ այլն: Ընդ որում, պետական այս կառույցներն այդ շենքում տեղակայված են վարձակալական հիմունքներով:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը այլ գերատեսչությունների համար այս ընկերությունից տարածքներ է վարձակալել՝ մեկ քմ-ն մոտ 5 հազար դրամ արժեքով: Արդյունքում` ՀՀ պետական բյուջեից Արամ Հարությունյանին պատկանող ընկերությանը վճարվել է 148 մլն 20 հազար դրամ: Իսկապես, հիանալի բիզնես է. ժամանակին լինելով ՀՀ քաղաքաշինության նախարար` Արամ Հարությունյանը կարողացավ իրենով անել «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքը եւ հիմա հարստանում է պետության հաշվին»:
Թերթի նույն համարում նշվում է նաեւ. «Հայաստանի եւ Վրաստանի տարածքների սահմանազատումը չի ավարտվել: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է: Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում` գետի վրացական ափը ամրացնելու համար: Վերջին տարիներին գետի հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել: Վարարած Դեբեդը հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին` իր ողջ զորությունը «թափում» է, քանդում է գետի աջակողմյան, հայկական ափը, որի հետեւանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է:
2010թ. գարնանը վարարած Դեբեդը Դեբեդավան գյուղում քշել-տարել է 2.8 հեկտար տարածք, որից 7000 քառակուսի մետրը գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ վերջին 3 տարում Դեբեդի ափերի ամրացում, ափապաշտպան կառույցների շինարարություն կամ նորոգում չի կատարվել: Այլ կերպ ասած` ՀՀ իշխանությունները նույնիսկ ամենալուրջ հարցերի վերաբերյալ անգործության են մատնված»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք դե՞մ եք քվեարկել Գագիկ Հարությունյանին՝ հարցրինք նրա հետ անձնական մտերմություն ունեցող «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանին։ «Միանշանակ, ինչո՞ւ պետք է կողմ քվեարկեի, երբ առանց դրա էլ ինքն ընտրվելու խնդիր չուներ»։ Անձնական մտերմության, հարաբերությունների պատճառով։ «Մտերմությունը՝ մտերմություն, բայց ես իրեն էլ նախապես ասել եմ, որ դեմ եմ քվեարկելու, ավելին՝ ասել եմ, որ մեր «դեմն» իրեն ավելի շատ կբարձրացնի, քան մյուսների «կողմը», ի վերջո, ինքը հո Նազարբաեւը չէ՞»։ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ինքն անգամ չի նայել քվեաթերթիկներին, բոլորին է դեմ քվեարկել։ Իսկ կա՞ն խմբակցությունում պատգամավորներ, որոնք լուսանկարել են քվեաթերթիկը։ «Միայն Նիկոլը, ինքը նախորդ քվեարկություններից փորձ ուներ»,- խոստովանեց Արամ Զավենիչը։ Իսկ Նիկոլը գործընկերներին նույն խորհուրդը չի՞ տվել, որ ավելորդ կասկածները չքայքայեն իրենց շարքերը։ Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ քվեարկությունից հետո իրենց մոտ «որս» չի սկսվել։ «Մենք միասնական ենք եղել բոլոր քվեարկությունների ժամանակ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցական որոշակի շրջանակներ կարծում են, որ երկարատեւ կոալիցիայի համար պետք է իրենց տրվի մեկ ամբողջ մարզ՝ համայնքների ղեկավարներով հանդերձ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ խոսքը Շիրակի մարզի մասին է, որտեղ արդեն մի քանի ամիս է, ինչ բավական ակտիվ աշխատում է դաշնակցական նոր մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ներգրավելով բազմաթիվ ծրագրեր մարզի զարգացման համար, նաեւ ՏԻՄ վերջին ընտրություններում հաջողվեց ՀՀԿ-ի լուռ համաձայնությամբ բավական ամրապնդել սեփական դիրքերը խոշորացված համայնքներում։ Ըստ որոշ խոսակցությունների՝ Դաշնակցությանը կարող է անցնել նաեւ Գյումրու քաղաքապետի պաշտոնը. քաղաքում համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ Սամվել Բալասանյանը պաշտոն է ստանալու Չինաստանում, ինչը կնշանակի, որ ավագանին նոր քաղաքապետ կընտրի»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն այս օրերին անում է ամեն ինչ, որ կոալիցիայի մաս կազմի, եւ ԲՀԿ-ի հանդեպ դաշնակցական «նեպրիյազնը» հենց դրանով է պայմանավորված: Ավելին, ասում են նաեւ, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ կան այդ առնչությամբ, ինչը ՀՀԿ-ական մեր աղբյուրները ժխտում են. «ԲՀԿ-ն պետք է մնա պառլամենտում որպես կառուցողական ընդդիմություն, այլապես Սահմանադրությամբ ամրագրված պառլամենտական համամասնություն ամբողջովին կխախտվի»: Ասել է` ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու դեպքում պետք է համաձայնագիր-հուշագիր կնքվի, այդ դեպքում էլ «Ելքը» դառնում է խորհրդարանի միակ ընդդիմությունը, ընդ որում` այստեղ ճգնաժամ է հասունանում նաեւ մանդատների մասով: Չնայած ասում են` «Ելքում» արդեն իսկ որոշել են, թե այդ դեպքում ով է լինելու ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակը Միքայել Մելքումյանի փոխարեն. ոչ թե «վարչապետի» թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այլ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ հաղորդակցության ամենաարագ ճանապարհը համացանցն ու էլեկտրոնային փոստն է, դժվար է հավատալ, որ նման աստղաբաշխական թվեր կարող են ծախսվել զուտ թղթի ձեռքբերմանն ու առաքմանը: Չնայած տեխնիկական առաջընթացին, հայաստանյան մի շարք պետական գերատեսչություններ շարունակում են միլիոնավոր գումարներ «վատնել» փոստային ծառայությունների իրականացման համար: Նամակների արդիականությունը ոչ ոք չի արգելել, բայց երբ թվերն իրար են գումարվում սոցիալ–տնտեսական մի շարք ոլորտներում առկա խնդիրների լուծման համար՝ ֆինանսավորման բացակայության կողքին, մնում է միայն լռել ու փաստերը ներկայացնել:
Կառավարության կայքի՝ Մեկ անձից կատարվող գնումներ բաժնում արդեն իսկ հրապարակվել են այս տարվա տարբեր գերատեսչություններին անհրաժեշտ փոստային ծառայությունների ծախսերը: Մի դեպքում դրանք կազմում են մի քանի 100 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ հասնում միլիոնների: Մոտ կես միլիարդ, իսկ ավելի ստույգ՝ 467 միլիոն 945 հազար 300 դրամ է պահանջվում Դատական դեպարտամենտին իր նամակները հասցեատերերին տեղ հասցնելու համար: Օրինակ՝ Նախագահի աշխատակազմի կարիքների համար փոստային ծառայությունները կկատարի «Հայփոստը», որի համար իրեն մեկ տարվա կտրվածքով կվճարեն 730 հազար 750 դրամ: ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ավելի շատ գումար կպահանջվի իրեն անհրաժեշտ փոստային ծառայությամբ ապահովելու համար: Խոսքը 19 միլիոն դրամի մասին է, որը կմատուցի «Տրանսիմ պեքս» ընկերությունը: Մեկ այլ պայմանագրով էլ, որը կնքվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ, փոստային ծառայությունները կարժենան 20 հազար դրամ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության փոստային ծառայությունները կկատարի «Հատուկ կապ» ընկերությունը, որի համար իրեն կվճարեն 3 միլիոն 600 հազար դրամ: Արմավիրի մարզպետարանին այս տարվա փոստային ծառայությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ է 240 հազար դրամ: Նույնքան գումար կպահանջվի նաև Կոտայքի մարզպետարանին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոստային ծառայությունների ձեռքբերման համար կպահանջվի 4 միլիոն 630 հազար դրամ: ՀՀ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ–ի փոստային առաքման ծառայությունները այս տարի կազմել են 24 միլիոն դրամ, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ–ինը՝ 240 հազար դրամ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանն էլ անհրաժեշտ է տրամադրել մի փոքր ավելի քիչ՝ 150 հազար դրամ նամակների առաքման համար:
Սփյուռքի նախարարության՝ «Հայփոստի» հետ պայմանագիրը կազմել է 9 միլիոն 100 հազար դրամ, իսկ կառավարությանը՝ 900 հազար դրամ: ՀՀ քննչական կոմիտեն սուրհանդակային ծառայությունների համար կվճարի 6 միլիոն դրամ, ՀՀ ՏՄՊՊՀ–ն՝ 2, Դատախազությունը՝ 10, իսկ ԴԱՀԿ–ն՝ 30 միլիոն դրամ»:
Նույն օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ շատ ձկնաբուծարաններում ձկները հորմոններ պարունակող կերով են մեծանում: Եվ բավական է ձկան միսը հանձնել փորձաքննության, հասկանալու համար, թե ձկան անվան տակ ինչ բաղադրության ձկնամիս է հրամցվում մարդկանց: «Փաստ»–ի զրուցակիցը, ով վերջին շրջանում իշխան ձկան բիզնեսով է զբաղվում, պատմեց, որ այն օրից, ինչ սկսել է այդ բիզնեսով զբաղվել, այլեւս ձուկ չի ուտում: Ավելին, իր մտերիմներին, ծանոթներին նույնպես հորդորում է իշխան չգնել, քանի որ տեսնելով այն պայմանները, թե ինչպես է իշխան աճեցվում, կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդու օրգանիզմում, այն ուտելուց հետո:
«Քանի որ իշխանը համարվում է գիշատիչ ձուկ, իսկ կերի սակավության դեպքում սկսում են իրար վրա հարձակվել: Լճերում կարելի է տեսնել նաեւ թերաճ, արատներով աճած եւ վիրավոր ձկներ, որոնց ձկնաբուծարանի աշխատակիցներն աճեցնում եւ առանձնացնում են, բայց հետո նրանց ինչ են անում չգիտեմ: Իսկ կերը, որոնցով կերակրում են ձկներին, շագանակագույն գնդիկների նման է, որը ձկնաբույծները ժամը մեկ բահով լցնում են ջրի մեջ: Եվ պատկերացրեք մեկ շաբաթում մանրաձկները դառնում են մոտ մեկ, մեկուկես կիլոգրամանոց ձկներ»,– ասաց մեր զրուցակիցը:
Եվ հետաքրքիր է, որ ՍԱՊԾ–ն ձկան մսում առկա հորմոնների ու այլ նյութերի թույլատրելիության չափը պարզելու եւ դրանք հրապարակելու փոխարեն, տեղեկացնում է ձկան արտադրությամբ զբաղվող ընկերությունների խնդիրներն ուսումնասիրել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ սննդի անվտանգության երաշխավորի մանդատ ունեցող պետական կառույցը նոր է իմացել, որ երկրում ընդհանրապես ձկնամթերք է արտադրվում, այդ պատճառով է նոր միայն սկսել նրանց խնդիրներն ուսումնասիրել: Նման դեպքերում ասում են՝ մինչեւ «առուն» ջուր գա, «ձկների» աչքը դուրս կգա: Կամ այլ կերպ ասած՝ մինչեւ ձկնաբույծների խնդիրներն ուսումնասիրվեն, դրանց լուծման ուղիները գտնվեն, երկրում անհայտ ծագման ձկնամիսը կսպառվի: Եվ այդպես էլ պարզ չի դառնա, թե ՍԱՊԾ–ն այնուամենայնիվ կարողացա՞վ պարզել, թե սպառողը «ձկնամիս» անվան տակ իրականում ինչ է ուտում»: