24.11.2024
Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին նշանակալից երևույթ է. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին

Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս մասին հաղորդում է Yerkirmedia-ն:


Նշվում է, որ քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին աղբյուրի հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։


Խորհրդարանը արդեն վաղը քվեարկելու է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը, եւ Հայաստանը գարունը սկսում է համահայկական դժգոհության տեղիք տված այդ արձանագրություններից ազատված։


Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները, սակայն մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրությունը փաստաթղթի տակ։


Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրություններին՝ չբացառելով դրանց չեղյալ հայտարարելու հավանականությունը: 


Մինչ այդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերություններում մինչեւ գարուն դրական գործընթացների բացակայության պարագայում, հայկական կողմը կչեղարկի այդ փաստաթղթերը: Նրա խոսքով, ապագայում եթե նոր տեղաշարժեր լինեն այս գործընթացում, ապա պետք է վարվեն նոր բանակցություններ՝ նոր պայամաններով: