23.11.2024
Սերժ Սարգսյանը ցավակցել է էրդողանին
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Գործադիրը «Որոտանի» վաճառքից է կոմպենսացնելու էլեկտրաէներգիայի սակագինը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը այս օրերին տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում, երեկ հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր հինգ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տուսկն ինքն է խնդրել նման հանդիպում կազմակերպել: Այդ ընթացքում քննարկման միակ թեման եղել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, եւ քննարկումն անցել է «թեժ» մթնոլորտում: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի իշխանությունների մշակած նոր Սահմանադրության նախագիծը: Նույնիսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն է նախագծին դեմ խոսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագծին կողմ է արտահայտվել միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կառավարությունն արդեն որոշել է էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու պատճառով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը ծածկել «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներով: Մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի ավարտը, կառավարությունը յուրաքանչյուր կվտ ժամ էլէներգիայի դիմաց ՀԷՑ-ին պետք է վճարի 7 դրամ: Ամսական դա կկազմի 2.5-3 մլրդ դրամ: Ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հայտարարել է, թե այդ գումարները բյուջեից չեն վճարվելու: Բայց «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվելիք 180 միլիոն դոլարը հենց բյուջետային միջոց է, քանի որ այն ամբողջությամբ պետք է ուղղվեր ՀՀ պետական բյուջե: Փաստորեն մեր կառավարությունը հետաքրքիր պատկերացումներ ունի բյուջեի մասին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը անսպասելի կադրային փոփոխություններ տեղի ունեցան նախագահական նստավայրում: Իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Վլադիմիր Հակոբյանը: Հատկապես ուշագրավ է Սերժ Սարգսյանի նոր մամուլի քարտուղարի ընտրության հարցը: Բանն այն է, որ Վլադիմիր Հակոբյանի աշխատանքային կարիերան սկսվել եւ մինչեւ նոր պաշտոնի նշանակումը շարունակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում: Նա կոչումով մայոր է: Պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ մինչ այս զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնը, իսկ կոնկրետ զբաղմունքի եւ դրա մամուլի հետ առնչության մասին ոչինչ չի ասվում: Սակայն վերջին տարում Վլադիմիր Հակոբյանի անունը մամուլում հաճախակի է հիշատակվում որպես լրագրողներին հավաքագրել փորձող ԱԱԾ աշխատակցի: Այսինքն՝ եթե մինչ այս նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էին լրատվության աշխարհի ներկայացուցիչները, քանի որ նրանց հիմնական աշխատանքը ի պաշտոնե լրագրողների հետ շփումն է, այս անգամ լրատվական դաշտի վերահսկողությամբ զբաղված անձն է խոսնակ դարձել: Կասկածից վեր է, որ իշխանության ներսում ինչ-որ լուրջ գործընթացներ են ընթանում, եւ այս նշանակումը դրանց դրսեւորումներից է: Իսկ թե կոնկրետ ինչ է թաքնված այս ամենի թիկունքում, առաջիկայում պարզ կդառնա:

Հ.Գ. Արման Սաղաթելյանն իր աշխատանքի ազատման վերաբերյալ երեկ «Ժողովուրդ»-ին նույնպես ասաց, թե աշխատանքի հրավեր է ստացել եւ ցանկություն ունի տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով եւ ավելացնելու ոչինչ չունի: Հավելենք, որ իրականում Ս. Սարգսյանի խոսնակ լինելը բավականին տխուր աշխատանք է, քանի որ նա իր նշանակման օրվանից խոսնակներին միայն մեկ պահանջ է ներկայացրել՝ չխոսել, չշփվել մամուլի հետ: Միայն իր հրահանգով կոնկրետ ասելիքի դեպքում են մինչ այս Ս. Սարգսյանի խոսնակները խոսել, այն էլ բացառապես ընտանեկան լրատվամիջոցների հետ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հաճախ անգամ անձամբ էր ասուլիսներ տալիս ու պատասխանում բոլոր լրագրողների հարցերին»:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակին, ինչպես նաեւ հինգ ամիսներին արձանագրված արտաքին առեւտրաշրջանառության անկումը պահպանվում է։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ. առաջին կիսամյակի նախնական տնտեսական ցուցանիշները։ Այդ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29,8 տոկոսով։ Եվ կրկին ներմուծման նվազումն ավելի քան կրկնակի անգամ ավելի է արտահանման նվազումից։ Առաջին կիսամյակում եթե մեր երկրից արտահանվող ապրանքների ծավալը կրճատվել է 15,2 տոկոսով, ապա ներմուծման դեպքում այդ ցուցանիշը 38 տոկոս է։ Նման անկումների դեպքում հետաքրքիր է, որ ԱՎԾ-ն 3,8 տոկոս տնտեսական ակտիվություն է ցույց տվել։ Հիշեցնենք, որ հինգ ամիսների կտրվածքով այդ ցուցանիշը 2,7 տոկոս էր։ Այսինքն՝ վիճվարչությունն ասում է, որ հունիս ամսին մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվությունն աճել է 1, 1 տոկոսով։ Այսպիսի դրական զարգացում ապահովելու համար վիճակագիրներին հավանաբար օգնության է հասել գյուղատնտեսությունը, որը կիսամյակի տվյալներով գրանցել է 14, 5 տոկոս աճ։ Փոքր՝ 5,1 եւ 3,3 տոկոս աճ են գրանցել արդյունաբերության ու ծառայությունների ոլորտները։ Այս տարվա առաջին կիսամյակին 1,5 տոկոս աճ է նշված նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, որը մինչեւ հիմա անկում էր ունեցել։ Իսկ հաջորդ խոշոր անկումը եղել է ներքին առեւտրաշրջանառության մեջ, որն այս անգամ կազմել է 8,2 տոկոս»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Սերժ Սարգսյանը Գերագույն մարմնին (ԳՄ) է ներկայացել փոքր-ինչ ուշացումով: ԳՄ-ն տևել է շատ կարճ, քննարկման միակ թեման եղել է Սահմանադրությունը, անմիջապես հաջորդել է ՀՀԿ խորհրդի նիստը: Սերժ Սարգսյանը թիմակիցներին հորդորել է՝ «անկաշկանդ-ազատ արտահայտեք ձեր տեսակետները», որից հետո «խոսքն անցել» է Հրայր Թովմասյանին: Նա ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների «մատրիցան»: Հավաքն» ամփոփել է Սերժ Սարգսյանը, որը բառացի ասել է. «Քանի որ ես այսօրվա մամուլն ուսումնասիրել եմ ու նկատել, որ այնտեղ շահարկվում է իմ՝ ԱԺ նախագահ ղառնալու, «վերարտադրվելու» հեռանկարը, ևս մեկ անգամ շատ պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ես Աժ նախագահ, վարչապետ, ՀՀ նախագահ չեմ պատրաստվում դառնալ, սա մեզ համար կենաց-մահու կռիվ չէ, Սահմանադրության փոփոխությունները պետք են պետությանն ու երկրին, եթե ժողովուրդն ընդունի այս բարեփոխումները՝ շատ լավ, եթե չընդունի, այսօր գործող Սահմանադրությամբ ես ազատ եմ և կարող եմ հավակնել թե Աժ նախագահի, թե վարչապետի պաշտոններին»: