24.11.2024
Ատոմակայանի մասին ԵՄ-ի հետ համաձայնագրում ոչ մի կետ չկա. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

ԲԹԿ-ն կամրապնդի Թուրքիային Հրվ. Կովկասում և կմեծացնի Ադրբեջանի գինը Մոսկվայի համար

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը չի կարելի դիտարկել զուտ որպես տարածաշրջանում մի բացառապես տնտեսական գործոն, քանի որ այն կարող է ռազմավարական նշանակություն ձեռք բերել Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու և թյուրքական էթնիկ տարրերի արմատավորումն ապահովագրելու տեսանկյունից: Այս մասին գրառել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:


Նրա խոսքով, եթե իսկապես իրականությանն են համապատասխանում այն լուրերը, որոնց համաձայն հենց Ադրբեջանն է ստանձնելու երկաթուղու նաև վրացական հատվածի կառավարումը, ապա այդ հանգամանքը Հայաստանի և հայության համար մի շարք տարաբնույթ սպառնալիքների սկզբնաղբյուր կարող է դառնալ:


«Այստեղ չեմ անդրադառնա Վրաստանի տարածքով հայաստանյան բեռների տեղափոխման սակագների հնարավոր փոփոխություններին և նման կարգի այլ տնտեսական խնդիրներին: Սկսենք նրանից, որ երկաթուղին կառուցված է Վրաստանի այն տարածքներում, ուր գերազանցապես ադրբեջանցիներ ու հայեր են բնակվում: Դա նշանակում է, որ երկաթուղու կառավարիչները հնարավորություն կունենան տեղերում այնպիսի սոցիալական քաղաքականություն վարել, որի միջոցով ադրբեջանական բնակչությանը կշահագրգռեն ամուր կպած մնալ իր բնակության տարածքին, իսկ հայությանը կդրդեն հեռանալու: Դա հնարավոր է անել, օրինակ, տեղացի աշխատակիցներ ընտրելու հարցում ադրբեջանցիներին նախապատվությունը տալու կամ վերջիններիս` այդ գծի վրա առևտրային գործունեություն կազմակերպելու համար սակագնային արտոնություններ տրամադրելու միջոցով, ինչից հայ բնակչությունը զրկված կլինի: Այսինքն, այս երկաթուղին կարող է ծառայեցվել ջավախահայությանը արտագաղթի մղելու նպատակին»,- հայտարարել է նա:


Արման Մելիքյանը վստահ է, որ երկաթուղու շահագործումն անխուսափելիորեն հանգեցնելու է Վրաստանի հարավային գոտու, ասել է թե` հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով թուրքական տնտեսական ազդեցության ընդլայնմամբ պայմանավորված նաև Անկարայի ռազմաքաղաքական ազդեցության կտրուկ աճին: Ուստի հավանական կարելի համարել այն, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում նշված գոտում կարող է էապես ավելանալ թյուրքախոս բնակչությունն, իսկ հայության թիվը էապես կկրճատվի: Երկաթուղու գործարկումը նաև Ռուսաստանը շրջանցող Արևելք-Արևմուտք միջանցքի ֆիզիկական ամբողջականացումն է ապահովում, ինչը նկատելիորեն ավելացնում է Ադրբեջանի գինը Մոսկվայի համար և կարող է հանգեցնել ՀՀ գործող իշխանությունների վրա Կրեմլի կողմից գործադրվող ճնշման ճակատագրական աելացմանն ու պահանջվող զիջումների ծավալի` ի վնաս հայկական կենսական շահերի, արմատական ընդլայնմանը.


«Առանձին հարց է լինելու նաև այն, թե ով է տնօրինելու ԲԹԿ երկաթուղու ու Հայաստանից Վրաստան մտնող երկաթուղու և ավտոճանապարհների հատման կետերը կամ հանգույցները, քանի որ այստեղ ևս կարող են մի ինչ-որ պահի հայկական բեռների տարանցման համար խոչընդոտներ ստեղծվել: Սրանք հնարավոր սպառնալիքների ընդամենը մի մասն են միայն»,- հավելել է նա:


Նշենք, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծի մասնակից պետությունները հայտարարում են, որ դա քաղաքական նախագիծ չէ, այլ կրում է զուտ տնտեսական բնույթ։ Սակայն ԲԹԿ–ն առաջին հերթին ուղղված է տարածաշրջանը ռուսական ազդեցությունից «տարանջատելուն» և Բաքու–Թբիլիսի–Անկարա ռազմավարական համագործակցության ամրապնդմանը։ Ինչպես ավելի վաղ գրել էր VERELQ-ը, Վրաստանը չի կարող էքսկլյուզիվ կերպով տնօրինել երկաթգծի իր հատվածով, քանի որ այն կառուցել է ոչ իր գումարներով։ Բացի այդ, մաքսային քաղաքականությունն որոշելու է Ադրբեջանը, որն արգելել է ՀՀ–ին օգտվել ԲԹԿ–ից։