Հայաստանը մտադիր է ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումները Ռուսաստան, հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը РИА Новости-ին տված հարցազրույցում:
«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի կարգավիճակում մենք առաջին հերթին հետապնդում ենք այս նպատակները, այսինքն` ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաջրջանառության ծավալների ավելացումը: Անցյալ տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները դեպի Ռուսաստան աճել են 40 տոկոսով: Այս տարի ցուցանիշները փոքրի ինչ նվազել են, սակայն կազմում են ավելի քան 35 տոկոս: Հայաստանում լավ տեմպերով զարգացնում ենք նաև ջերմոցային տնտեսությունները», - նշել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով` գյուղատնտեսական արտադրանքի տեսանկյունից Հայաստանը ՌԴ կարող է արտահանել բանջարեղեն, մրգեր, դրանցից պատրաստված պահածոներ ու պանիր:
Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը կարող է մրցակցել ՌԴ տոմատների հայտնի ներկրողների հետ: «Երբ ոմանց համար խնդիրներ են առաջանում, մյուսների համար դրանք կարող են հնարավորություններ ստեղծել: Հենց դա էլ մենք օգտագործեցինք անցյալ տարի: Շուկան այնքան մեծ է, որ խաղացողների թվի ավելացումը ոչ մեկին չի խանգարի և միայն օգուտ կտա», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի համար ռուսական շուկա բանջարեղենի, հատկապես լոլիկի արտահանման հանարավորություններն ընդալյվեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելեց այդ ապրանքի ներկրումը Թուրքիայից այն բանից հետո, երբ թուրքական ՀՕՊ ուժերը Սիրիայի հետ սահմանին խոցեցին ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը: Սակայն վերջերս տեւական բանակցություններից հետո Ռուսաստանը թույլատրեց թուրքական լոլիկի արտահանումը ՌԴ, սակայն հստակ սահմանված քնակությամբ:
Թուրքական լոլիկի արտահանումն արգելելուց որոշ ժամանակ անց ՌԴ համապատասխան գերատեսչությունները կասկածներ հայտնեցին առ այն, որ այդ ապրանքատեսակը մտնում է ռուսական շուկա Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով: Խոսքը վերաարտահանման մասին է: ՀՀ-ն այս հարցում բացարձակ ռեկորդակիր էր, քանի որ մեկ տարում ավելի քան 20 անգամ ավերացրեց լոլիկի արտահանման ծավալները Ռուսաստան:
Պատահական չէ, որ ՌԴ Մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հոկտեմբերի 26-ին հայտարարել էր, որ գտել են Հայաստանից ու Ադրբեջանից արգելված թուրքական լոլիկների վերաարատահանման դեմն առնելու տարբերակը:
Հենց այդ պատճառով Ռուսլան Դավիդովը նշում է, որ դեռեւս անցյալ տարվանից ակտուալ է մնում Ադրբեջանից ու ՀՀ-ից ներկրվող ապրանքների ծագման երկրի որոշման հարցը: «Այս խնդիրը հնարավոր եղավ լուծել: ՀՀ-ի ու Ադրբեջանի հետ ստեղծել ենք միջկառավարական աշխատանքային խմբեր: Այդ խմբերի խնդիրն է ցույց տալ ապրանքների տեղաշարժի թափանցիկ սխեման»,- նշում է նա՝ հավելելով, որ սկզբից գնահատվում է երկրի արտադարական ներուժը, եւ այդ կերպ հաշվվում արտահանվող ապրանքի ծավալները:
Մասնավորապես, 2016թ. հունվար-սեպտեմբերին ավելի քան 2000%-ով (քսանապատիկ) աճել է տոմատի արտահանումը, 450%-ով ավելացել է պանրի եւ կաթնաշոռի արտահանումը, ավելի քան 300% աճ է գրանցել խավիարի եւ պատրաստի ձկան արտահանումը, 360%-ով ավելացել է ջեռուցման համակարգերի, օդափոխիչների դետալների, հեռակառավարման վահանակների եւ այլ սարքավորումների արտահանումը եւ այդպես շարունակ:
Դրան զուգահեռ դեպի Ռուսաստան ավանդաբար արտահանվող հայկական ծագման ապրանքների (ծիրան, դեղձ, մրգային հյութեր, գարեջուր, հանքային ջրեր, բանջարեղենի որոշ տեսակներ եւ այլն) արտահանումը 2016թ. նկատելիորեն կրճատվել է:
Կարելի է ասել, այս ժամանակահատվածում, օգտագործելով ԵԱՏՄ-ում իր անդամակցությունը եւ ՌԴ շուկա հեշտացված մուտք ունենալու հանգամանքը, Հայաստանը հանդիսացավ թուրքական լոլիկների համար Ռուսաստանում հայտնվելու հիմնական «եվրասիական պատուհանը»: Այսինքն՝ այդ ապրանքը վերաարտահանվում էր Ռուսաստան «արտադրված է Հայաստանում» պիտակով: