8.05.2026
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Լատվիայի նախագահները ընդունել են համատեղ հայտարարություն

2026 թվականի մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսը առանձնազրույցի և պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումների արդյունքում նախագահներն ընդունել են նաև համատեղ հայտրարություն:


Նախագահները նշել են Հայաստանի և Լատվիայի միջև կառուցողական և բարեկամական հարաբերությունները և իրենց վճռական հանձնառությունն են հայտնել՝ շարունակելու առավել ամրապնդել քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը և ոլորտային համագործակցությունը տնտեսության, առևտրի, շրջակա միջավայրի, մշակույթի, կրթության, երիտասարդության և այլ բնագավառներում։ Երկու կողմերն ընդգծել են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև հաղորդակցության ու խորհրդակցությունների կարևորությունը՝ ինստիտուցիոնալ համագործակցության խորացման նպատակով։


Ընդգծելով տնտեսական համագործակցության կարևորությունը՝ նախագահները հաստատել են, որ հետաքրքրված են շարունակելու ամրապնդել տնտեսական ոլորտի ներկայացուցիչների միջև կապերը և ուսումնասիրել ներդրումային ու շուկայական հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային նորարարությունների, տրանսպորտի և լոգիստիկայի, գյուղատնտեսության և սննդի վերամշակման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։ Նախագահները նաև կարևորել են կանխատեսելի և բարենպաստ բիզնես ու ներդրումային միջավայրի ապահովումը, ներդրումների փոխադարձ պաշտպանությունը, ինչպես նաև Եվրոպական միության պատժամիջոցների շրջանցումը կանխելու և խափանելու ուղղությամբ շարունակական համագործակցությունը:


Ընդգծելով հայկական կողմի ջանքերը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և արտաքին միջամտությունների նկատմամբ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ նախագահները ողջունել են Հայաստանում ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) նոր առաքելություն տեղակայելու որոշումը։


Արձանագրելով Եվրոպական միության և Հայաստանի միջև խորացող կապերը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական նպատակը՝ առավել ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային և սոցիալական կապերը ԵՄ-ի և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ, նախագահները կարևորել են 2026 թվականի մայիսի 5-ին կայացած առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքները՝ որպես երկու կողմերի միջև գործընկերության հետագա խորացման պատմական հանգրվան։ Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր Ռազմավարական օրակարգի շրջանակներում։ Այս համատեքստում նախագահները աջակցություն են հայտնել Հայաստան-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետագա առաջմղմանը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցության շարունակությանը։


Կողմերը կարևորել են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների նկատմամբ հարգանքը և արձանագրել Հայաստանի հանձնառությունը համապարփակ բարեփոխումների և արդիականացման օրակարգին, մասնավորապես՝ արդարադատության ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում՝ երկրի դիմակայունության և բարեկեցության ամրապնդման նպատակով։ Լատվիայի նախագահը վերահաստատել է Լատվիայի հանձնառությունը շարունակելու աջակցել այդ ջանքերին՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տվյալների պաշտպանության, սննդամթերքի անվտանգության, մեդիագրագիտության և այլ ուղղություններով, սեփական հմտությունների և փորձի փոխանակման միջոցով։


Նախագահներն ընդգծել են Լատվիայի դերը՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ընտրված անդամ (2026-2027թթ․), և վերահաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում։


Նախագահները շեշտել են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և միջազգային իրավունքի պահպանման կարևորությունը։ Նրանք ընդգծել են կանոնների վրա հիմնված միջազգային կարգի և բազմակողմանիության պաշտպանության անհրաժեշտությունը և վերահաստատել պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Այս համատեքստում նախագահներն իրենց վճռական և շարունակական աջակցությունն են հայտնել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող խաղաղության ջանքերին։


Նախագահ Ռինկևիչսը երախտագիտություն է հայտնել Ուկրաինային Հայաստանի կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար։ Նախագահները նաև ընդգծել են Լատվիայի շարունակական և համապարփակ աջակցությունն Ուկրաինային, որը գերազանցել է 1 միլիարդ եվրոն։


Ողջունելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա պատմական դինամիկան, ներառյալ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները, Լատվիայի նախագահը բարձր է գնահատել Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված շարունակական ջանքերը։ Նախագահ Ռինկևիչսը ողջունել է նաև Հայաստանի հաստատակամ հանձնառությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։


Ընդունելով տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը, այդ թվում՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ ընթացող ջանքերը, նախագահները ընդգծել են Եվրոպան և Ասիան կապող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի ռազմավարական դերը։ Նրանք քննարկել են իրենց հետաքրքրվածությունը՝ նպաստելու այս և այլ տարածաշրջանային ու միջտարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերի, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության զարգացմանը նպաստելու ուղղությամբ հնարավորությունները՝ բիզնես համայնքների փորձի և կարողությունների ուսումնասիրման միջոցով, մասնավորապես՝ լոգիստիկայի, բազմամոդալ փոխադրումների և թվային լուծումների ոլորտներում։