Ատոմակայանի մասին ԵՄ-ի հետ համաձայնագրում ոչ մի կետ չկա. Սերժ Սարգսյան
Հայկական ատոմային էլեկտրակայնի փակման մասին քննարկումներն արհեստական են ու որևէ աղերս չունեն իրականության հետ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին որոշում է կայացրել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ: Գործարկման ժամկետի երկարացումը կիրականացվի ռուսական կողմից տրված 270 մլն դոլար վարկով և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին», - նշել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` «Ռոսատոմ» պետական ընկերության հետ համատեղ շարունակվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ աշխատանքները:
«Կարևոր է նշել, որ ատոմակայանը գործում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափանիշներին համապատասխան և սա միջազգային մասնագետների եզրակացությունն է: Իրականացվում են աշխատանքներ անվտանգության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կծառայի առնվազն մինչև 2027թ.-ը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից ատոմային էներգետիկան միշտ լինելու է Հայաստանում», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է նաև, որ ԵՄ-ի հետ համաձայնագրում ոչ մի կետ չկա ՀԱԷԿ-ի փակման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Եվրամիության հետ կնքվելի շարջաակային համաձայնագրով Էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությունը ենթադրում է նաեւ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը: «Պետք է հաստատել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ», - ասված է փաստաթղթում: