VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ տեւական ժամանակ է լարվել են վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դաշնակների հարաբերությունները: «Անզեն աչքով էլ տեսանելի էլ տեսանելի է, թե ինչպես է դաշնակցական «Երկիր Մեդիա ԹՎ»-ով անխնա քննադատություն հնչում վարչապետի հասցեին՝ հանրությանն ի ցույց դնելով, որ Կարեն Կարապետյանն իր տրված խոստումները չի իրագործում։ Ի մասնավորի՝ վերջերս տնտեսության զարգացման նախարար Սուրեն Կարայանի ասուլիսից ցուցադրվեցին հատվածներ, որտեղ նախարարը դժվարանում է պատասխանել վարչապետի խոստացած եւ չկատարած 850 միլիոն դոլար ներդրումների մասին հարցին։ Նկատենք, որ վարչապետի ու դաշնակցության հարաբերությունների լարվածությունը խորքային է, քանի որ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման հենց առաջին պահին պաշտոնանկ արեց դաշնակցական Արծվիկ Մինասյանին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը վստահելով Սուրեն Կարայանին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլեւ կառուցվածքային, որի շրջանակներում կլինեն օպտիմալացումներ։ Կադրային փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, առայժմ փոխատեղումների ձեւով՝ զինվորական մասն ուժեղացնելու համար։ Այժմ աշխատում են կառուցվածքային փոփոխությունների վրա, բազմաթիվ վարչությունների, բաժինների կրճատում-միավորումներ, նոր կառույցների ստեղծում։ Օրինակ՝ քննարկում են գործերի կառավարման վարչություն ստեղծելու հարցը, որի մեջ կմտնեն ՊՆ աշխատակազմը, գնումների վարչությունը եւ այլն։ «Դրանց առաջին դեմքերի մասով փոփոխություններ չեն լինի, համենայնդեպս, այս պահին նման խոսակցություններ չկան»,- նշեց մեր աղբյուրը։ Ի դեպ, Պնախարարը միակն է, որի մասին Սահմանադրությունում առանձին նորմ կա (155 հոդված)․ նշվում է, որ ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը, իսկ նախարարն իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «1999թ-ի ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանն անձնական նամակ է ուղարկել Վազգեն Սարգսյանին: Վանոյին ու Վազգենին ճանաչողները գիտեն, որ երկու ընկերները հաճախ են ընտրել շփվելու, հաղորդակցվելու այս ձեւը: Սիրադեղյանը նամակը գրել է միայն իրեն հատուկ գեղարվեստական անզուգական մատուցմամբ, պերճախոսությամբ, ցավով, մտահոգությամբ: Գրվածքի համն ու հոտը չկորցնելու համար` մեջբերենք հանճարեղ գրողի` գրչակից եղբորը հասցեագրված նամակի մի քանի կտորներ: «…Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո (խոսքը Վազգեն Սարգսյանի մասին է-խմբ.) գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձեւակերպման չարագուշակ անմեղությանը… Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երեւելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը….»:
Վազգեն Սարգսյանին հասցեագրված նամակը Վանո Սիրադեղյանն ավարտում է տխուր վերջաբանով. «Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին եւ շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով… Զանգիր խոսենք։ Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։ P.S. Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»: Վանո Սիրադեղյանի գրածը շատերին մարգարեություն է թվում, սակայն այս նամակը ժամանակի շունչը զգացող ու հայրենիքի ցավով ապրող քաղաքացու, գործչի, գրողի գրչի արգասիք է: Հայոց Արեւելքից Երեւան ներխուժած գավառական էլիտայի մտահորիզոնը խիստ սահմանափակ է` Վանոյի ու Վազգենի հեռակա երկխոսությունը հասկանալու համար: Շուտով այս նամակը պատճառ դարձավ, որ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները Սիրադեղյանի անունը կապեն Հոկտեմբերի 27-ի հետ»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բաղրամյան 26-ին էլ արդեն դուր չի գալիս Հրայր Թովմասյանի մեկեն մեծամտանալը: ՍԴ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունեցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին վեր բարձրացնող «աստիճանը», ասում են, նույնքան հանկարծակի կարող է կոտրվել: Նախագահականին դուր չի գալիս նաեւ, որ Հրայր Թովմասյանի «թեթեւ ձեռամբ» մամուլում անընդմեջ շրջանառվում են նրա` ՍԴ նախագահ դառնալու լուրերը: Ասում են նաեւ, թե ամենեւին էլ պատահական չէր, որ այս շաբաթ նրան ընդդիմադիրի շուրթերով նկատողություն արվեց. «Քանի՞ երկրում է եղել Ձեզ նման նախարար, ոչ մի: Քանի՞ երկրում է եղել Ձեզ նման հանձնաժողովի նախագահ, ոչ մի: Չգիտեմ՝ ով է Ձեզ դաս տվել, ով է այդ թեզը մտցրել, բայց չկա նման բան: Ամբողջ աշխարհի իրավական միտքը գիտի, որ քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԱՏՄ նիստին Երեւան ժամանած ռուսական պատվիրակությունն առանձնապես գոհ չի հեռացել Հայաստանից։ Պատճառը, ի շարս այլ հարցերի, նաեւ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվային տարբերություններն էին, որ առկա էին Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի վիճակագրական տվյալների միջեւ։ Չնայած կառավարության մեր աղբյուրները վստահ պնդում էին, որ Կարապետյանի թվերն են իրականություն։ «Ուշադրություն դարձրեք՝ այն ժամանակ, երբ «Մուլտի գրանդում» ընթանում էր ԵԱՏՄ նիստը, նույն պահին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում 190 մլն․ դոլարի ներդրումային հուշագիր էր ստորագրվում՝ ԱՄՆ դեսպան Միլզի քավորությամբ»,- ասացին մեզ՝ ակնարկելով, որ դժգոհության պատճառներից մեկն էլ դա է»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երեւան տոնավաճառի կրպակների աշխատակիցները տոնավաճառին նոր անուն են տվել՝ «Երեւան-Պանթեոն»։ Պատճառն այն է, որ այս տոնավաճառի այցելուները սակավաթիվ են, եւ առեւտուրը այստեղ գրեթե կանգնած է։ Վարձավճարով որոշակի տարածք զբաղեցնող առեւտրականները դժգոհ են տոնավաճառում առկա պայմաններից։ Աշխատակիցների խոսքով՝ տոնավաճառ մտնողները այնքան սակավաթիվ են, որ ամիս է լինում, որ անգամ տարածքի վարձը չեն կարողանում հանել։ Բայց երբ գալիս է վարձավճարի օրը, Խաչատուր Սուքիասյանի մարդիկ առանց հաշվի առնելու առեւտրականների վիճակը, ստիպողաբար, կոշտ մեթոդներ կիրառելով վարձերն են հավաքում։ Առեւտրականները գիտեն, թե ինչ է սպասում վարձը ուշացնողներին։ Եթե այդպես շարունակվի` նրանց մեծ մասը կլքի տոնավաճառը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից Հայաստանում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների հերթական աճ: Բարձրանալու է բենզնից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր գործող 25 հազար դրամի փոխարեն դառնալով 40 հազար դրամ մեկ տոննայի համար: Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է՝ քսայուղերից հարկվող ակցիզային հարկը: Էականորեն կբարձրանա սպիրտային խմիչքներից գանցձվող ակցիզային հարկը: Եթե այժմ այն 63 տոկոս է, ապա 2018-ի հունվարի 1-ից կդառնա 73, 2019-ին՝ 84, 2020-ին՝ 96, իսկ 2021ին՝ 110 տոկոս: Նույն ձեւով առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է ծխախոտի թանկացում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում արգելված թուրքական արտադրության լոկլիկները Հայաստանի տարածքով ՌԴ չեն ներմուծվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը: «Հայաստանի տարածքից մենք նման ահազանգեր չունենք»,- հայտարարել է նախարարը, որը Երեւանում էր գտնվում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մնա նշել է, որ ռուսաստանցի սպառողը սպասում է հայկական լոլիկներին: «Դրանք էժան են եւ լավ որակի: Ռուսաստանցի սպառողը սպասում է, սովոր է հայկական լոլիկներին»,- նշել է Տկաչովը: Հատկանշական է, որ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունն այլ կարծիքի է Հայաստանից թուրքական լոլիկների վերաարտահանման հավանականության վերաբերյալ: Մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ գտել են Հայաստանից ու Ադրբեջանից արգելված թուրքական լոլիկների վերաարատահանման դեմն առնելու տարբերակը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը»: