24.11.2024
Մամուլ. ՀՅԴ-ն ընդդեմ վարչապետի՝ նրանց հարաբերություններն ավելի են լարվել
prev Նախորդ նորություն

Քանի դեռ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում ունի լծակներ՝ հոկտեմբերի 27-ը պատշաճ քննության չի արժանանա

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ, ինչը պաշտոնական վարկած է, քանի որ այդ մասով քրեական գործից անջատված մաս կա: Սակայն այդ վարկածը պատշաճ կերպով չի ուսումնասիրվում և քննության առարկա չի դառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ Ելք խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:


«Քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանա», - շեշտել է Փաշինյանը:


Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարծիք է հայտնել, որ անգամ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, միևնույն է՝ այլ որակի Հայաստան չէր լինի: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այդ հայտարարությունը ոչ միայն ծիծաղելի է, այլև անարգանք այդ ոճրագործության զոհերի ու, մասնավորապես, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հասցեին.


«Արձանագրենք մի բան՝ հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը, այն կառավարությունը, որը ձևավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որևէ մեկի կողմից, որևէ մեկը կասկած չի ունեցել, որ ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձևավորված Ազգային ժողով է ու կառավարություն։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են և կարծում եմ, որ նման միտք արտահայտելը պատշաճ չէ որևէ մեկի կողմից: Երկրի զարգացման ամենակարևոր բաղադրիչը մարդկանց համախմբելու կարողություն ունեցող իշխանությունն է, իսկ հայ ժողովուրդը համախմբված էր «Միասնություն» դաշինքի շուրջը», -հավելել է նա: 


Հիշեցնենք, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում, որի արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։


Նշենք, որ ՀՀ ԱԺ ղեկավարությունը, պատգամավորները, զոհվածների հարազատները, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամնեըր, լրագրողները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: