VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Ժնևից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջև կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ․ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում: Մեզ հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանը գոհ է ձեռք բերված «համաձայնությունից» և սա ամենևին չի համարում պարտություն, հակառակը՝ կարծում է, որ, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը պետք է մտածի այդ մասին, քանի որ ինքն է դրժում իր մի քանի անգամ արած խոստումը: Սակայն, ի տարբերություն Կարապետյանի, «մեծ համաձայնությունը» չափազանց վշտացրել է իշխանական և ոչ իշխանական այն շրջանակներին, որոնք «խաղադրույք» էին կատարել Կարեն Կարապետյանի վրա: Վերջինս թիմակիցներին հանգստացնելու համար խոստացել է, որ նրանք կշարունակեն աշխատել իր թիմում՝ վստահեցնելով, որ ինքը պահպանելու է իր բոլոր լծակները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում սպասվող փոփոխությունների մասով կարծես հստակություն է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրը նշեց, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու որոշումը կարծես թե վերջնական է եւ ընդամենը ամիսների հարց է։ Սկզբում նա ՍԴ անդամ կդառնա, հետո՝ նախագահ։ Կարծես որոշակիություն կա նաեւ Արման Մկրտումյանի ապագայի հարցով, նա եւս կտեղափոխվի ՍԴ։ Ասում են՝ դատական համակարգում խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում, եւ, բնականաբար, առաջինը վճռաբեկի նախագահին է վերաբերելու, որն այս տարիներին մնացել է համարժեք փոխարինողի բացակայության պատճառով։ Ըստ մեր աղբյուրի՝ Մկրտումյանը ցանկանում է ՍԴ գնալ ապրիլից հետո, երբ ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, եւ ինքը կկարողանա մինչեւ 70 տարեկանը վայելել այդ բարձր պաշտոնը, այլապես մինչեւ ապրիլ տեղափոխվելու դեպքում ՍԴ-ում կաշխատի մինչեւ 65 տարեկանը։ Թե ով կդառնա վճռաբեկի նախագահ, դեռ հայտնի չէ։ Թեեւ շրջանառվել է Վազգեն Ռշտունու թեկնածությունը, սակայն չի բացառվում, որ նշանակվի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը»։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Խորհրդարանական միջանցքներում պաշտոնյաները եւ լրագրողները երբեմն ընդհարվում են` հիմնականում այն պատճառով, որ առաջինները հաճախ չեն ցանկանում պատասխանել հարցերին, իսկ երկրորդները «վիզ են դնում» այդ պատասխանները ստանալու համար: Երկուշաբթի նման միջադեպ տեղի ունեցավ պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Լրագրողներն իրենց գործն են անում, նրանց նպատակը նյութ ստանալն է: Նաեւ պետք է հաշվի առնել համացանցային լրագրության առանձնահատկությունները, երբ խուսանավող պաշտոնյայի հետեւից վազելը, «ախրանայի» դիմադրությունը հաղթահարելը ու «սուր հարցեր» հնչեցնելը YouTube-ում զգալիորեն ավելի շատ դիտումներ կբերի, քան ցանկացած նախարարի ցանկացած հարցի պատասխան:
Պաշտոնյաները պետք է այդ ամենը հաշվի առնեն եւ բոլոր պարագաներում դրսեւորեն զսպվածություն եւ համբերատարություն: Ես վստահ եմ, ավելի լավ է` լինեն հարյուրավոր կայքեր, հարյուրավոր հակադիր կարծիքներ, հարյուրավոր լրագրողներ եւ հարյուրավոր հարցեր` երբեմն թարսուշիտակ եւ «անտակտ», քան լինի «ակադեմիական անդորր»` բրեժնեւյան լճացմանը հատուկ «փոխըմբռնման մթնոլորտով»: Կամ մեկը, կամ մյուսը` այստեղ միջինը չկա: Մի երկու փոքրիկ նկատառում էլ լրագրողների հետ կապված: «Այնպիսի տպավորություն է, որ դուք չեք տիրապետում իրավիճակին»` դա, ինձ թվում է, հարց չէ, դա պնդում է, պաշտպանության նախարարի դեպքում մեղադրանք է, որը հարցազրույցի ժանրի մեջ չի տեղավորվում: Լրագրողը կարող է, իհարկե, վերլուծություն կամ մեկնաբանություն գրել, որտեղ կզետեղի այդ պնդումը` ցանկալի է, որոշակի հիմնավորմամբ: Բայց շպրտել այդ մեղադրանքը պաշտոնյայի երեսին` դա, կարծում եմ, ընդդիմադիր քաղաքական գործչի գործ է, բայց ոչ` լրագրողի: Երբ մենք հարցազրույց ենք վերցնում պաշտոնյայից կամ ցանկացած այլ մարդուց, մեր նպատակն է, որքան հասկանում եմ, տվյալ անձնավորության դիրքորոշումը մեր սպառողներին ներկայացնելը, ոչ թե նրա «դեմքին թռնելը» կամ «պորտը տեղը դնելը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) պատրաստվում է Ղուկասյանում նոր ֆիրմայով գործարան կառուցել: Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը հայտնեց, որ պատրաստվում է արտերկիր մեկնել. «Շուկայի հետ կապված խնդիրները լուծեմ իմ ծանոթների, ընկերների միջոցով, որ կարողանանք լավ պարտնյոր ունենանք: Եվ եթե պարտնյորի խնդիրը լուծեցինք եւ եկանք սկսեցինք աշխատանքներ իրականացնել, իմ կարծիքով՝ ճիշտ եւ պատկառելի գործ պետք է անենք, այսինքն՝ աշխատատեղեր ստեղծենք»: «Անկախության բանակ» հայրենասիրական միավորումը այս ծրագրի ջատագովն է դառնում, մեր բոլոր տղաները այս ծրագրի հետ համաձայն են եւ շարժվելու են դրանով, որ եթե պատերազմ է սկսվում՝ սահմանին ենք, եթե չի սկսվում՝ աշխատատեղեր հիմնենք»,- նշեց նա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հողամասերի հավաքածու ունի: Նրան են պատկանում թվով վեց հողամասեր, ինչի մասին տեղեկանում ենք Զաքարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բացի վերոհիշյալ հողամասերից՝ պաշտոնյայի սեփականությունն են համարվում նաև բնակարանը և հասարակական նշանակության շինությունը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Զաքարյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ դրանք չի ունեցել, իսկ եկամուտները կազմել են 3 միլիոն 669 հազար դրամ և ստացվել աշխատավարձից: Զաքարյանն այս պաշտոնում է արդեն ավելի քան 7 տարի՝ առաջին անգամ նշանակվել է 2010 թ.: Մինչ այդ էլ տարբեր տարիներին զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ՝ եղել է և՛ վարչապետի օգնական, և՛ Երևանի քաղաքապետի տեղակալ, և՛ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել: Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար անձ Ռուբեն Մանուչարյանը Հայկ Խոսրովյանին այլ պահանջներ է ներկայացրել, որ նա կատարի:
Մասնավորապես Խոսրովյանից զորամասի անձնակազմին տեղափոխող ավտոմեքենայի համար 4 հատ ձմեռային անվադող է ուզել, ինչը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Խոսրովյանը կատարել է եւ 117 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 4 հատ անվադողեր է տրամադրել: Իրավապահները բացահայտել են նաեւ, որ ՀՀ ՊՆ զորամասի պաշտոնյա Ռուբեն Մանուչարյանը նաեւ Ռոբերտ Զաքարյանի ՝ ՊՆ զորամասում պայմանագրային զինվորական ծառայության նշանակելու գործում հրաման արձակելու համար Ռոբերտ Զաքարյանից պահանջել եւ ստացել է 250 հազար դրամ գումար: Ասել է, թե զորամասում պայմանագրային զինծառայողները անգործության են մատնված, եւ պաշտոնատար անձինք համապատասխան գումարի դիմաց աչք են փակում այդ հանգամանքի վրա»: