Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսը արդեն իսկ իրագործվել են, սակայն հասարակության որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն:
Պարզ վերլուծությունը, ըստ Կարեն Կարապետյանի, ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության:
«Այսինքն անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիտորինգ: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռած բոլոր նոր հնարավորություններից՝ հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, էլեկտրականության միացումներն ավելի օպերատիվ ստանա, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ, որ պարզի դրանք կարելի էր ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ՝ երկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ, միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիտորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:
«Խնդրել եմ պարոն Գաբրիելյանին, որպեսզի մոտ օրերս կազմակերպի խորհրդակցություն, քանի որ մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականներն իրագործվում են մասամբ կամ ոչ լիարժեք, կամ էլ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացրածով, թե ինչպես պետք է կատարի»,- հայտնեց Կարեն Կարապետյանը: