25.11.2024
«Իսլամական պետությունը» ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
prev Նախորդ նորություն

Բեկումնային պահ. ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր է ստորագրում

Եվրամիությունը շահագրգիր է՝ տեսնելու, թե ինչպես է Հայաստանի ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ Երևանում հոկտեմբերի 2-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:


Նրա խոսքով, սա բեկումնային պահ է, քանի որ նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը:


Նալբանդյանի հրավերով Հանը այսօր է ժամանել Երևան, այստեղ նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:


«Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս փաստաթուղթը՝ Եվրամիության ու Հայաստանի միջև համաձայնեցված գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի հետ միասին, կխորացնեն մեր համագործակցությունը: Թույլ տվեք ասել, որ համաձայնագիրը առաջին նմանատիպ փաստաթուղթն է, որը ստորագրվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ, և Հայաստանը այդ երկրներից առաջինն է, որ ավարտին է հասցրել գործընկերության առաջնահերթությունները Եվրամիության հետ:


Մենք շահագրգռված ենք տեսնել, թե այս նոր համաձայնագիրը ինչպես է կյանքի կոչվելու, որովհետև սա նախագիծ է այլ հնարավոր հարաբերությունների համար: Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրի կարևորությունը դուրս է գալիս Երևանի հետ երկկողմ հարաբերությունների դաշտից», - ասաց Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան:


Այն բանից հետո, երբ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Եվրամիության կողմից Հայաստանի առջեւ դրվեց աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու հարցը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի նախաձեռնած մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մտադրության մասին: Դրանից հետո անհնար դարձավ Եվրամիության հետ նույն տարում նախատեսված ասոցացման համաձայանագրի ստորագրումը: Երևանի ու Բրյուսելի միջև նոր համաձայնագրի ստորագրման համար փաստորեն չորս տարի պահանջվեց:


Այդ իրադարձություններից հետո Եվրամիությունը եւս վերանայումներ կատարեց իր մոտեցումներում՝ ստանձնելով Արեւելյան գործընկերության անդամ պետությունների հետ հարաբերություններում տարբերակված մոտեցումը:


Հանի խոսքով, Եվրամիության իսկ շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ և բարեկեցիկ Հայաստան, որը կնպաստի հարևանության հետագա կայունացմանը.:


«Սա արդեն մեր վեցերորդ հանդիպումն է այս տարի և առաջինն է Երևանում։ Այսինքն՝ մենք իրար մի քանի անգամ հանդիպել ենք, ինչը նույնպես արտացոլում է այն սերտ կապերը, որ կարող ենք իսկապես ստեղծել Եվրամիության և Հայաստանի միջև: Իսկապես հաճելի է նորից ու նորից լսել գործողությունների այն երկար ցուցակի մասին, որոնք իրականացվում են և որոնցով Եվրամիության օժանդակությունը Հայաստանի հետագա զարգացմանն ավելի տեսանելի է դառնում»,- ասաց նա:


Նրա խոսքով՝ այդ կայունությամբ էլ կարելի է ասել, որ Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն համապարփակ և խորացված գործընկերության նոր համաձայնագիրը:


«Դա, ինչպես նաև գործընկերության գերակայությունները կամրապնդեն և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հանը՝ նկատելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արևելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերային գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ: Նա հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի նաև մյուս երկրների համար:


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Հայաստանը մտադիր է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ․ - «Հայաստանի սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Եվրոպական միությունը արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին»:


Անդրադառնալով Բրյուսելի հետ ստորագրվելիք համաձայնագրին՝ Հայաստանի արտգործնախարարը ընդգծեց, որ այն կարող է հանդիսանալ Բելգիայի մայրաքաղաքում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը․ - «Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը»: