25.11.2024
ԵՄ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. դեսպան
prev Նախորդ նորություն

Ալիեւի սպառնալիքները ՄԱԿ-ի ամբիոնից. «Անհրաժեշտության դեպքում Հայաստանը նորից կպատժվի»

«Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի: Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 20-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:


Իր ելությում նա կրկնել է պաշտոնական Բաքի՝ «ադրբեջանական տարածքների 20 տոկոսը ավելի քան 25 տարի գտնվում է Հայաստանի օկուպացիայի տակ» հայտնի թեզը: Ալիևն իր խոսքում մտավ անգամ անձնական դաշտ։ ՄԱԿ ամբիոնից անձամբ Սերժ Սարգսյանին մեղադրեց ցեղասպանության կազմակերպման մեջ։


Միեւնույն ժամանակ նրա խոսքերով՝ Հայաստանը անտեսում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված շրջաններից»: «Երբեմն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը կատարվում են մի քանի օրվա ընթացքում, մեր դեպքում դրանք 24 տարի չեն իրականացվում: Սա երկակի մոտեցում է, սա անընդունելի է»,- դժգոհել է նա:


Ալիևն ասել է, որ Ադրբեջանը հանձնառու է հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց եթե «Հայաստանի ռազմական սադրանքները շարունակվեն, ապա Ադրբեջանը կպաշտպանի իր բնակիչներին»:


«Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն մենք կպաշտպանենք մեր քաղաքացիներին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,-ասել է Ալիևը։


Ալիևի խոսքով՝ «Հայաստանի վրա պետք է միջազգային պատժամիջոցներ կիրառվեն»։ «Հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է, դա բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։ Սակայն մենք տեսնում են երկակի չափորոշիչների քաղաքականություն», - հայտարարել է նա։


Նույն ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի, այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է: Նա ասել էր, որ Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ եւ վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի:


«Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով», - հայտարարել է ր ՀՀ նախագահը: