VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստան-Սփյուռք» եռօրյա համաժողովի կազմակերպման եւ անցկացման համար իշխանությունները ՀՀ պետական բյուջեից ծախսել են 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար: Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձեւավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության եւ այլ նման նպատակներով: Իսկ ահա Հայաստան այցելելու, եւ այստեղ իրենց կեցության ծախսերը՝ ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ եւ այլն, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով: Միայն թե, դժվար է ասել, ի՞նչ կհիշվի այս համաժողովից, եթե ամեն ինչ ելույթների մակարդակից այն կողմ չի գնում»:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության առաջիկա որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում։ Կրճատված բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման անվան տակ կրճատում են իրենց մարզային կառույցների աշխատակիցներին։ Մասնավորապես՝ վերջերս Արարատի մարզում հայտնի է դարձել, որ ԿԳՆ-ն նվազեցնելու է դպրոցների բյուջեն։ Առաջարկվում է առաջին հերթին ազատվել դպրոցների հավաքարարներից և պահակներից, ովքեր առանց այն էլ աշխատում են 40-50 հազար դրամ»,-գրում է թերթը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին պատասխանելով 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հավանականության մասին հարցին՝ այն համատեքստում, որ դրա մասին ավելի ու ավելի շատ են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները, վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է ուշագրավ պատասխան: Նա հայտարարել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, եւ ինքը կխոսի, երբ ՀՀԿ-ն դրա վերաբերյալ կունենա պաշտոնական կարծիք: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր համար այդպիսի կարծիք գոյություն չունի:
Այդպիսի հայտարարություն անելու համար Կարապետյանը կա՛մ պետք է ունենար Սերժ Սարգսյանի համաձայնությունը եւ համոզվածությունը, որ Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, կա՛մ այդ պատասխանով Կարեն Կարապետյանը գործնականում բացահայտորեն հայտարարում է Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնության դեմ պայքարի մասին, եւ Կարեն Կարապետյանի հայտարարության տողատակում այդ դեպքում նկատվում է որոշակիորեն վա-բանկ գնալու տրամադրություն:
Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցին զուգահեռ, որտեղ նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Ընդ որում, այդ ելույթում ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործոնի «կարգավիճակ» տվեց հայկական Սփյուռքին՝ հայտարարելով, որ Արցախի խնդրում արտահայտում է համահայկական տեսակետ եւ ներկայացնում է Հայաստան-Սփյուռք համաժողովի ուղերձը: Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պատրաստվում ակտիվ քաղաքականությունից մնալ հեռու, այլեւ գործնականում ընդլայնում է իր, այսպես ասած, «ներկայացուցչականությունը»: Ընդ որում, այստեղ խնդիրն արդեն ոչ այնքան բուն վարչապետի պաշտոնն է, որքան ընդհանրապես ազդեցությունը: Իսկ Կարապետյանի հարցում խնդիրն այն է, որ նա անկասկած չի համաձայնի մնալ հավերժ ենթակա վարչապետ, եւ անցնող տարին նա գործնականում դիտարկել է թերեւս միայն «վերադաս վարչապետ» լինելու սպասման ժամանակահատված:
Եվ ուրեմն՝ Կարապետյանի դիրքորոշման պարագայում ո՞ր դեպքի հետ գործ ունենք՝ Սերժ Սարգսյանի հետ համոզիչ պայմանավորվածությա՞ն, թե՞ նրա դեմ «պատերազմի շեփոր» հնչեցնելու: Առաջին դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը մի պայմանավորվածության մեջ են, որից դուրս է ՀՀԿ-ն, համենայնդեպս՝ այն ՀՀԿ-ն, որը ներկայումս հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության եւ առաջնորդության մասին, խոսում այն մասին, որ չկա նրան այլընտրանք: Իսկ դա ըստ էության ներկայիս ՀՀԿ մեծամասնությունն է: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածությամբ խաղից դուրս է դնում այդ մեծամասնությանը: Թեեւ սա էլ իհարկե զարմանալի չէ՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու այն առաքելությունը, որ Կարեն Կարապետյանի վրա դրեց Սարգսյանը մեկ տարի առաջ:
Իհարկե, եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ Կարեն Կարապետյանը պետք է մնա, ապա ՀՀԿ նույն մեծամասնության համար որեւէ խնդիր չի լինի «առաջնորդ» ճանաչել Կարեն Կարապետյանին, սակայն խնդիրն այն է, որ «մասնավոր կարծիքների» վերաբերյալ իր հայտարարությամբ Կարեն Կարապետյանը այժմ ձեռնոց է նետում ոչ միայն Սերժ Սարգսյանին, եւ եթե կա նրա հետ պայմանավորվածություն, ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրան արդեն իսկ այժմվանից վարչապետ հռչակողներին: Հետեւաբար պետք չէ բացառել, որ Սարգսյանն այդպիսով ՀՀԿ ներկայիս «ոգին» հանձնում է Կարեն Կարապետյանի տնօրինությանը՝ կամ նրա միջոցով այդ «ոգուց» ազատվելու, կամ էլ այդպիսով ժամանակի ընթացքում թե՛ «հին ոգուց», թե՛ Կարապետյանից ազատվելու եւ 2022 թվականին արդեն «նոր ոգու» գլխավորությամբ նոր խորհրդարանի մեծամասնության գնալու ակնկալիքով:
Եթե Կարեն Կարապետյանը չունի Սարգսյանի հետ համոզիչ պայմանավորվածություն 2018-ի համար, եւ գործ ունենք «պատերազմ» հայտարարելու հետ, ապա այստեղ, իհարկե, Կարապետյանը փաստորեն պատերազմ է հայտարարում ամբողջ ՀՀԿ-ին կամ գոնե նրա ներկայիս մեծամասնությանը, որը հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին: Այդ դեպքում Կարեն Կարապետյանը կա՛մ կհաղթի այդ բացահայտ «մարտը», կա՛մ ստիպված կլինի վերածվել «մայր գետից» պոկված հերթական «վտակի»: Ի՞նչ կանի նա այդ դեպքում՝ կսկսի օտարել Հայաստանում ունեցվա՞ծքը, թե՞ կհավակնի 2022-ի ոչ իշխանական բեւեռի դերին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեև՝ անհայտ են ընդհանրապես: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, թեև ասոցացվում է իրավունքի ու արդարադատության հետ, սակայն առաջին մասնագիտությամբ իրավաբան չէ: Նա երեք բարձրագույն կրթություն ունի՝ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, այնուհետ իրավաբանի և հոգեբանի մասնագիտություն է ձեռք բերել: Ամենաուշագրավն այն է, որ 1995-1998 թթ․ ԱԺ պատգամավոր լինելուն զուգահեռ՝ Հարությունյանը 1997-ին եղել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը: Այդ ժամանակ քաղաքապետը, ինչպես հայտնի է, Վանո Սիրադեղյանն էր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կենսագրականում էլ մի այսպիսի ուշագրավ հիշատակում կա՝ «ճանաչվել է տարվա լավագույն կին»: Ո՞ւմ կողմից է ճանաչվել և, որպես կին, որտե՞ղ ծավալած իր գործունեության համար (ընտանիքո՞ւմ, կանանց վերաբերող որևէ միջոցառման ժամանա՞կ)՝ հայտնի չէ: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վաստակավոր ճարտարապետ է, Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը փորձում է պարծենալ իր ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5.5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6.2 տոկոս էր: Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, հուլիսի համեմատ, այստեղ 0.9 տոկոս անկում է գրանցվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 9.2 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 2.2 տոկոսով: Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների եւ շինարարության ոլորտի անկումը՝ համապատասխանաբար 9.4 եւ 8 տոկոսով: Կարճ ասած, սկսվել է հետընթացը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով, Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14–ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ալավերդցիներ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան: Ամենայն հավանականությամբ, նրանք հասցրել են սահմանն անցնել մինչեւ ոստիկանության կողմից իրենց նկատմամբ հետախուզում հայտարարելը: Մեր տվյալներով՝ հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում: