Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցերը՝ շփման գծում կայուն իրավիճակ ապահովելու համար: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովին հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
Նրա խոսքով, այդ քայլերը շարունակվում են ձեռնարկվել, սակայն «ցավոք, մենք չենք կարող բացառել մարդկային զոհեր»: Նրա կարծիքով, շփման գծում զոհերի բացառելը հայկական կողմերից կախված չէ: «Դա մեզանից կախված չէ, քանի որ ունենք նման հակառակորդ», - նշեց ԱԳ նախարարը՝ հավաստիացնելով, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ մարդկային կորուստները նվազագույնին հասցնելու համար։
Նախարարն ասաց նաև, որ շփման գծում իրավիճակը լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ և այդպիսին էլ շարունակելու է մնալ։
Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ չնայած հայկական երկու պետությունների խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, որոնք օժանդակությունն են ստանում նաև հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների կողմից, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից:
«Իր բոլոր քայլերով, հատկապես 2016 թ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հակամարտության գործում, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետևողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջև և վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը», - ասաց Արցախի արտգործնախարարը։
Կարեն Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը սանձազերծել է սպառազինությունների իսկական մրցավազք, ինչը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն հայկական երկու պետությունների, այլ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից։
«Ստեղծված պայմաններում մենք հարկադրված ենք առավել մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը՝ որպես տարածաշրջանում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնի», - ընդգծեց Կարեն Միրզոյանը՝ հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ:
«Արցախն ամբողջությամբ դուրս չի մղված բանակցություններից, համանախագահները հաճախակի այցելում են Արցախ, հանդիպում մեր պետության ղեկավարների հետ, սակայն լիարժեք բանակցային գործընթաց վերադարձը կարեւոր է: Չէ, որ հենց Արցախի բանակցային գործընթացում մասնակցության ժամանակ ձեռք են բերվել այնպիսի հիմնարար պայմանավորվածություններ, որոնք մինչեւ այժմ գործում են», - եզրափակեց նա: