Բաքուն չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ է գնել
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների վերաբերյալ տեսանյութում երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաև 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
DANA հրետանային համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 1977-ին: Կրակի հեռահարությունը հասնում է 19 կմ, իսկ արդիականացված տարբերակը կարող է կրակ վարել մինչև 25,5 կմ հեռավորության վրա: Սարքի քաշը մոտ 29 տոննա է, հայտնում է Razm.info-ն:
DANA հաուբիցներ կան նաև Վրաստանի զինանոցում: Դրանք կիրառվել են 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այն ժամանակ Վրաստանի ԶՈւ-ն մի քանի միավոր հաուբից կորցրեց:
RM-70 հրետանային համակարգն ունի 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Այն համաչափ է ռուսական արտադրության «Գռադ» համակարգերին: Համակարգը չեխական Tatra 815 բեռնատարի բազայի վրա է: Համակարգի առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով հասնում է 21 կմ: