Հայաստանի ապագա վարչապետի հարցում իշխող Հանրապետական կուսակցությունը միատարր է եւ ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձեւավորի ապրիլին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է վարչապետի հավանական թեկնածուն:
«Ինձ թվում է՝ երեխաների համար կարեւոր է, որ լինի խաղաղություն, կարողանան հանգիստ կյանքով ապրել ու սովորել, ծնողների ու երեխաների համար էլ կարեւոր է մեր երկրի զարգացումը: Կգանք, կհասնենք ապրիլին, կքննարկվի այդ հարցը: Հանրապետականը միատարր է եւ ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձեւավորվի ապրիլին»,- ասաց Արա Բաբլոյանը, , հայտնում է news.am-ը:
Հարցը, թե ով է հավանական թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահն անպատասխան թողեց:
Ավելի վաղ 2014 թ-ի ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական կառավարման անցումից հետո չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ խորհրդարանի խոսնակի պաշտոնին: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», - ասել էր նա:
Միևնույն ժամանակ խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության մասին՝ Սարգսյանն ասել է, որ դրական տեղաշարժ է տեսնում տնտեսության մեջ:
Սարգսյանն, անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կախատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրները ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»: