VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետարանում նոր ուստարվան ընդառաջ խորհրդակցություն է հրավիրվել, մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, ԿԳՆ պաշտոնյաներ, կրթության պատասխանատուներ: Մարզպետ Արամայիս Գրիգորյանն իսկական «մառոզ» է արել՝ բարձրացնելով դպրոցներում կարգուկանոնի, տնօրենների աշխատաոճի, գնահատականների արհեստական բարձրացման, կառավարման ու ծնողական խորհուրդների ոչ արդյունավետ գործունեության, դրամահավաքի եւ այլ հարցեր:
Մեզ պատմեցին, որ նա «շան լափ» է թափել տնօրենների գլխին՝ կտրականապես արգելելով դրամահավաքը դպրոցներում: Հատուկ շեշտել է, թե խախտողները խստորեն կպատժվեն: Մարզպետն ավելի հեռուն է գնացել եւ բարոյախրատական ճառ ասել՝ հասարակության մեջ մանկավարժի դերի, հեղինակության բարձրացման մասին՝ խորհուրդ տալով մանկավարժական կոլեկտիվներին ինքնակատարելագործվել, վերափոխվել: Անշուշտ, գովելի են այս ջանքերը, բայց աշխատաոճը փոխելու կարիք ունի նաեւ ինքը՝ մարզպետը, ով ԱԺ վերջին ընտրություններից հետո թիրախավորել էր մի քանի տնօրենների՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներին, եւ աշխատանքից ազատել Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրենին՝ նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի քրոջը:
Հետո մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում ազատել Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին, ով ամիսներ առաջ ՀՀԿ Արարատի կանանց խորհրդի նախագահն էր եւ կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի հետ: Թիրախում է նաեւ թիվ 3 դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է: Մարզպետը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա, երբ համոզվել է, որ ամեն ինչ նորմալ է, որոշել է լուծարել դպրոցը՝ անբարեկարգ վիճակի պատճառով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջնականապես որոշվել է` գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը նշելու են «Փարավոնում», սեպտեմբերի 3-ին, կոնյակը («Նոյ») կապահովի Գագիկ Ծառուկյանը, չէ՞ որ Սեյրան Սարոյանի հետ քավոր-սանիկ են: Հյուրեր են լինելու ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Օդեսայից: Թամադան «Որոգայթի» Սարգիսն է: Դրսից երգիչ-երգչուհի չեն հրավիրել: Ժլատությո՞ւն է արել գեներալը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Չէ, նա միայն հայկական երաժշտություն է սիրում»: Ինքն է՞լ է երգելու` «Ջուխտակ շամամները»: «Չի բացառվում»: Ակորդեոնիստ Աշոտին հրավիրե՞լ եք (Աշոտը Սարոյանի «օկոպոնիստն» է): «Այո»: Բա որ Սերժ Սարգսյանը չհասցնի՞ Ղարաբաղից գա-հասնի, նա Ստեփանակերտում է, իսկ այցը քառօրյա է: «Բացառվում է»: Ի դեպ, Սարոյանի 50-ամյակին մասնակցելու հրավեր են ստացել ԱԺ բոլոր խմբակցությունները՝ բացի «Ելքից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է Հայաստանում 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել, որից միայն 830-850 մլն դոլարն այս տարի, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ պատկեր է բացահայտել: «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից պարզեց, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար): Ասել է, թե այս ընթացքում ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով: Բայց սա դեռ ամենը չէ: Այս կես տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներից ոչ միայն նոր ներդրումներ չեն արվել, այլ ընդհակառակը՝ շարունակվել է կապիտալի արտահոսքը, օրինակ՝ միայն ՌԴ-ն 12.2 մլրդ դրամի կապիտալ է հանել Հայաստանից»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում աղմկոտ հայտարարություն արեց: «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,-ասաց նա:
Սույն միտքը դեսպանն արտահայտեց ի պատասխան հարցի, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Ըստ դեսպանի, Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, և ԱՄՆ-ն երբեք նպատակ չի ունեցել լավ հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ ի հաշիվ այլ երկրների, բայց փաստորեն միևնույն ժամանակ ցանկանում է վստահ լինել, որ ՀՀ-ն կարողանում է ինքնիշխան որոշումներ կայացնել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին սույն դիվանագիտական պատասխանը իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում:
Եվ առհասարակ պարզ չէ, թե ինչու է դեսպանը այս պահին այդպիսի հայտարարություն անում: Ի՞նչ է նշանակում՝ համոզված լինել, որ «Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում»: Եթե խոսքը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանն մասին է, ապա դա արդեն կայացած փաստ է, և նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱՄՆ-ն համոզվի՝ այդ որոշումը ինքնուրույն է կայացվում, թե որևէ մեկի ճնշման տակ:
Ի՞նչ տնտեսական, քաղաքական մոդելի ընտրության մասին է խոսում դեսպանը: Արդյոք Հայաստանն այդպիսի ընտրության առաջ է այժմ: Փաստորեն՝ այո, հակառակ դեպքում ԱՄՆ-ի դեսպանը այդ մասին չէր հիշատակի:
Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հատուկ ուշադրություն է ցուցաբերում նաև Ռուսաստանը: Դեսպանի հայտարարությունից երկու օր առաջ Սոչիում Սերժ Սարգսյանին ողջունելիս ՌԴ ախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Հարգելի Սերժ Ազատի, այս տարի լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են»:
Իսկ մարտին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել էր. «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»: ԱՄՆ-ն և ՌԴ-ն փաստորեն լուրջ մրցակցության մեջ են, թե ով է ավելի մտահոգ Հայաստանի ինքնիշխանության պահպանման հարցում: Բայց քանի որ նման մտահոգությունը քաղաքական կատեգորիա չէ, միջազգային հարաբերություններում երբեք որևէ երկիր մեկ այլ երկրի ինքնիշխանության հարցով չի տառապում, պետք է հասկանալ, ո՞րն է խնդիրը, և ինչո՞ւ են «պատերազմական» վիճակում գտնվող ԱՄՆ-ն և ՌԴ-ն քաշքշում Հայաստանի ինքնիշխանությունը:
Նոյեմբերին նախատեսվում է ԵՄ-ի հետ Հայաստանի նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ ոչինչ չի սպառնում այդ համաձայնագրին, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը կրկին տնտեսական, քաղաքական մոդելի ընտության առաջ է: Օրեր առաջ «Բազեների» հետ հանդիպմաը Սերժ Սարգսյանն ասաց, որ 2013-ին, երբ ՀՀ-ն բանակցում էր ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ, ԵՄ-ից փոխանցել են, որ ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին խոչընդոտ է ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար:
Թե ինչ եղավ 2013-ին, բոլորին է հայտնի: Այնուհետու մշակվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, որն էլ պետք է կնքվի նոյեմբերին: Բայց փաստորեն Արևմուտքի համար Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կրկին խոչընդոտ է, և կրկին առաջարկվում է ընտրություն կատարել այս երկու քաղաքական- տնտեսական մոդելների միջև: Արևմուտքի մեր բարեկամները, սակայն, հասկանում են, որ Հայաստանը բացի համամարդկային բարձր արժեքներից և ժողովրդավար աշխարհին մաս կազմելու հաճույքից, այլ ակնկալիքներ էլ ունի. օրինակ՝ ԵՄ քաղաքական և տնտեսական մոդելն ընտելիս: Եվ այդ ակնկալիքները ոչ քաղաքական դաշտում են, ոչ տնտեսական: Դրանք ռազմական ոլորտից են:
ԱՄՆ դեսպանն իր խոսքում, իհարկե, բաց է թողել այդ մասը, սակայն խոսքն իրականում ոչ թե քաղաքական և տնտեսական մոդելների ընտրության մասին է, այլ ռազմաքաղաքական մոդելների: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ»,-ասում է դեսպանը և խոսում ռազմական ոլորտում ԱՄՆ-ից Հայաստանին ցուցաբերած տարբեր աջակցությունների մասին: Սակայն, որպեսզի Հայաստանն իր որոշումները կայացնի այնքան ինքնիշխան, որքան ԱՄՆ-ն կցանկար, այդ գործիքները պետք է մի քանի հարյուր միլիոն դոլար արժեք ունենան և մի քանի հազար տոննա կշիռ: Քանի դեռ նման գործիքներ չեն տրամադրվում, ավելորդ է Հայաստանի ինքնիշխանության հետ կապված սրտաճմլիկ ճառեր ասելը»:
«Ժողովուրդը» գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը թեև տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա առաջին կիսամյակում 150.3 մլն դրամով նվազեցրել է պետական բյուջե կատարած հարկային վճարումները: Եթե այս տարվա եռամսյակում մետրոպոլիտենը պետական բյուջե կատարել է 330 մլն 120 հազար դրամի չափով հարկային վճարում, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 480 մլն 427 հազար դրամ: Այստեղ, սակայն, տարօրինակ է փաստը. մետրոպոլիտենի հարկային վճարումները նվազել են այն դեպքում, երբ մետրոյից օգտվող ուղևորների թիվը ավելացել է: Նույն ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մետրոյից օգտվող ուղևորների թիվը 1.5 տոկոսով ավելացել է: Ու անհասկանալի է, թե ինչու է մետրոպոլիտենը նվազեցրել հարկերը: Մնում է ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկը պարզապես թաքցրել է եկամուտները»: