22.11.2024
Մամուլ. Զորի Բալայանի «Արմենիան» փտում է
prev Նախորդ նորություն

Բերդիմուհամեդով. Այս այցը նոր խթան է հաղորդում երկու երկրների փոխգործակցությանը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:


Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը:


a8


Սերժ Սարգսյանի խոսքով, հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն, իսկ նախագահի այցը նշանակալի իրադարձություն է, և այն տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին:


«Սա շատ լավ առիթ է ինչ-որ չափով ամփոփելու արդյունքներն ու նախանշելու մեր ապագա աշխատանքը: Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, և մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները: Մենք ակտիվ շփվում ենք, և ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին»,- ասել է հանրապետության նախագահը:


Իր հերթին Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական, և՛ մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում: Եվ ամենակարևորն այն է, որ այս այցը նոր խթան է հաղորդում երկու երկրների փոխգործակցությանը և բացահայտում է փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը:


«Ես կցանկանայի ընդգծել նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, որոնց հետ կապված մենք ձեզ միշտ շնորհակալ ենք: Դուք մշտապես աջակցություն եք ցուցաբերում չեզոքության մեր կարգավիճակին վերաբերող հարցերում: Միջազգային հարթակներում մեր կողմից առաջ քաշված հարցերը, որոնք, իհարկե, ընդհանուր հարցեր են, ինչպես օրինակ՝ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության հաստատումը, էներգաանվտանգությանն առնչվող հարցերը, կայուն տրանսպորտի և տրանսպորտային միջանցքների զարգացմանն առնչվող հարցերը, առավել ևս, որ դրանց վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևեր, մենք կտեղափոխենք նաև այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ, ԱՊՀ և այլն: Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ-ների միջև այդ հարցերի շուրջ: Անհրաժեշտ է դրանք շարունակել:


Առևտրատնտեսական ոլորտում այսօր Թուրքմենստանը շատ մեծ ներուժ ունի: Նման ներուժ դուք ևս ունեք: Կարծում եմ, որ մենք այն կարող ենք օգտագործել տարբեր ուղղություններով: Իհարկե, դրանք առաջին հերթին առևտրին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, առողջապահությանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղությունների առնչվող հարցերն են: Իհարկե, այստեղ հիմնական ծանրությունն ընկնում է Տնտեսական համագործակցության հարցերով մեր միջկառավարական հանձնաժողովի վրա, որն էլ պետք է հանդիսանա մեր երկրների միջև հիմնական համակարգողը:

Հումանիտար կապերի առումով մեզ շատ բան է միավորում: Մեր հարաբերությունները գալիս են դեռևս միջնադարից: Ուրախալի է, որ մենք դա այսօր շարունակում ենք և օրինակ ենք հանդիսանում մեր երկրների ապագա սերունդների համար»,- ասել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: