VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզի մեկնողներն առաջինը, ինչին հանդիպում են մայրավանք այցելելիս, ափին կանգնած նավն է՝ Զորի Բալայանի «Արմենիան», որն աշխարհի շուրջ պտտվել, 23 երկրում է եղել, ապա եկել-հանգրվանել է Սուրբ Ղազար կղզում։ Մխիթարյան միաբանության հոգեւոր հայրերը, անշուշտ, դեմ չեն եղել, որ հայկական նավը հանգրվանի այստեղ, այն անգամ տեսարժան էքսպոնատի դեր է խաղում կղզի այցելող զբոսաշրջիկների համար, սակայն ծովն իտալական իշխանություններին պատկանող տարածք է։ Նրանք շեշտում են, որ իտալական իշխանությունն այնքան բարեհաճ է գտնվել, որ որեւէ տուրք չի գանձել այս ընթացքում՝ իրենց ջրերում նավը կայանելու համար։ Բայց բանն այն է, որ նավը կանգնած փտում է՝ ստորին հատվածում արդեն լուրջ վնասվածքներ ունի, եւ վերականգնել կա՛մ հնարավոր չէ, կա՛մ շատ բարդ է։ Այնպես, ինչպես բարդ է նավի ճակատագիրն ընդհանրապես»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնելու ՀՀ նոր դեսպանի պարտականությունները, որոնք դյուրին չեն լինելու: Բանն այն է, որ Հրաչյա Աղաջանյանը՝ 2011-ից այս երկրում մեր դեսպանը, ով նաև հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպանատունը, արդեն մեկնել է երկրից: Մեր տեղեկություններով, նա սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից և իր հետ Դանիայից տարել է նաև դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել: Դեսպանատան աշխատակիցները վստահ չեն, որ աշխատակազմը կպահպանվի, քանի որ բյուջեի սղություն կա, իսկ Արզումանյանը, բնականաբար, անձնական ներդրումներ չի անելու»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին դատարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկվելու համար մի քանի տասնյակ փաստաբան կդիմի ծայրահեղ քայլի՝ գործադուլի: Մեր տեղեկություններով, գործադուլին կմասնակցի 100-ից ավելի փաստաբան:
Նշենք, որ փաստաբաններին իրենց խուզարկությունը վրդովեցրեց հատկապես «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ժամանակ՝ «Սասնա ծռեր» խմբի գործը դատարան ուղարկելուց հետո դատարաններում սկսեցին զննել փաստաբաններին: Նրանց պնդմամբ, սակայն, դա ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն: Այս պատճառով մի քանի փաստաբան տևական ժամանակ է չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը: Գործադուլին մասնակցել պատրաստվող փաստաբան Միհրան Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ դատական համակարգը, ի դեմս դատական կարգադրիչների, ապօրինի պահանջներ է ներկայացնում փաստաբաններին.
«Ինձ խուզարկելու դեպք այս պահին դեռ չի արձանագրվել, սակայն, կարծում եմ, որ փաստաբաններն այս հարցով պետք է դրսևորեն միասնականություն»: Մեր հարցին, թե որքան կտևի գործադուլը, Միհրան Պողոսյանն ասաց, որ տվյալ պահին որոշված է սեպտեմբերի 13-ը. «Իմ սուբյեկտիվ կարծիքով արդյունքի չհասնելու դեպքում պետք է գործադուլի տևողությունը երկարացվի»: Հարցին, թե այնուամենայնիվ կարո՞ղ են գործադուլով դրական արդյունքի հասնել, Պողոսյանն ասաց. «Գործադուլը ծայրահեղ միջոց է, սակայն այս պարագայում այլ տարբերակներն արդյունավետ չեն լինի»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի ամիս առաջ գնել է Արտաշատի մեխանիկական-փորձարարական գործարանը: Թե ինչ պիտի արտադրի գործարանը՝ պարզել չէր հաջողվել: Խորհրդային տարիներին այն արտադրում էր մետաղական պահեստամասեր և զենքի մասեր: Ինչպես պարզեցինք՝ այս օրերին հիմնանորոգվող գործարանում օլիգարխը մտադիր է տեքստիլի հումք արտադրել՝ ընդլայնելով տեքստիլի արտադրության իր բիզնեսը: Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի գործարանը, որն օրական մոտ 15 տոննա կտոր է արտադրելու: Սամվել Ալեքսանյանը, բացի այս, գնել է նաև Արտաշատում գտնվող մեկ այլ գործարան՝ տրիկոտաժի ֆաբրիկան, որտեղ էլ տնային տեքստիլ ու սրբիչներ են արտադրելու: Ստացվում է՝ մի գործարանում տեքստիլի հումքն է արտադրելու, մյուսում՝ տեքստիլը: Մինչ այս օլիգարխը տեքստիլի հումքը ներմուծում էր դրսից՝ Ուզբեկստանից, ՌԴ-ից, Եվրոպայից: Նշված 2 գործարանը, հիշեցնենք, պատկանում էին Հովիկ Աբրահամյանին: Արտաշատում այս օրերին լուրեր են շրջում, թե նախկին վարչապետը վաճառքի է հանել նաև մեկ այլ՝ Արտաշատի պահածոների գործարանի իր բաժնեմասը (մյուս բաժնետերը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդին է): Գնորդը, ըստ շրջանառվող լուրերի, դարձյալ Ալեքսանյանն է: Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկին, որտեղից հայտնեցին, թե անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին, արձակուրդում է՝ եկող շաբաթ կվերադառնա»