Մամուլ. Բավականին ջերմացել են Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրումէ. «Մինչեւ 2018 թ․ իշխանական բուրգում վերջին վերադասավորումներն են կատարվելու։ Սերժ Սարգսյանը բոլոր պատասխանատու պաշտոններում պետք է կարգի նրանց, ում հետ կարող է ճանապարհ անցնել, ում կարող է վստահել, եւ ովքեր չեն ցնցի բուրգը վճռական պահերին։ Վերադասավորումների փուլում հատկապես կարեւոր դերակատարում ունեն նրանք, ովքեր քաղաքական թիմ, կառույց, մարդկանց խումբ, էլեկտորատ են ղեկավարում։ Ուստի բոլորն այժմ ամրապնդում են իրենց դիրքերը, բարելավում հարաբերությունները, հաշտվում հակառակորդների հետ, նոր բարեկամներ գտնում։ Մեր տեղեկություններով, բավականին ջերմացել են նախկին եւ ներկա վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ինչը ոմանց զգուշանալու, անգամ տագնապելու առիթ է տվել»։
«Հայկական ժամանակը» գրում է. ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել: ԵԱՏՄ-ն պատրաստ է 3-րդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության և կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձևաչափեր»:
Այսպիսի պատասխան է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Յուլյա Նազարովան «Հայկական ժամանակի» հարցմանը: Հանձնաժողովից մենք հետաքրքրվել էինք, թե քննարկվե՞լ է արդյոք Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու հարցը կամ այժմ քննարկումներ ընթանո՞ւմ են այդ հարցով: Մեր հարցման մեջ նաև հիշեցրել էինք Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեչկի այն հայտարարությունը, որ Թուրքիան առաջարկ է ստացել, որ բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին և հարցրել էինք, թե ի՞նչ ձևաչափով է առաջարկ արվել Թուրքիային: Այս հարցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը չի պատասխանել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, և ագրեմանը (կառավարության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտական ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից: Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխարհահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտոնում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական վիճակով: Դե, իսկ Սերգեյ Մինասյանն էլ երիտասարդ քաղաքագետ է, ծնունդով Ջավախքից՝ Ախալքալաք քաղաքից: Եվ քանի որ մեզանում պրոֆեսիոնալ դիվանագետները դեսպան չեն նշանակվում, ապա նա լիովին տեղավորվում է այդ պաշտոնի տրամաբանության մեջ: Սակայն ամիսներն անցնում են, իսկ նշանակումը ձգձգվում է: Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ նորություն չունենք, որովհետև արձակուրդային շրջանը դեռ չի վերջացել, ես կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ նորություն կունենանք»: Այսինքն՝ իր ագրեմանն արդեն եկե՞լ է: Պարոն Մինասյանն ասաց. «Չեմ կարող դա հաստատել, որովհետև ես քաղաքում չեմ եղել և տեղյակ չեմ՝ արդյոք նախարարությունն ստացել է, թե ոչ»»: