24.11.2024
ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա աշնանը. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը մշտապես արձագանքել է միջադեպերին հայ-ադրբեջանական սահմանին. նախագահ

ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել են շատ կոշտ: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում:


«ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել են շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է և ոչ թե հայկական բանակը»,-արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, թե ընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն որոշակի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ և ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ասել է ՀՀ նախագահը:


Նախագահի գնահատմամբ՝ որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները:


«Անցյալ տարի Երևանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք և նայեք, թե ինչպիսի բանաձև է ընդունել այդ գագաթաժողովը: Էմոցիոնալ կողմը շատ կարևոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարևորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,-նշել է Սերժ Սարգսյանը:


ՀԱՊԿ-ը մասնավորապես կոշտ դիրքորոշում էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպրի հետ կապված 2016 թ-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մասնավորապես մտահոգություն էր հայտնել Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիոն գործողության կապակցությամբ:


Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ միջադեպը որակել էր որպես «սադրիչ գործողություն» անդամ պետության տարածքում, իսկ Արցախն անվանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.


«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը ՀՀ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա»: