24.11.2024
ՀՀ ՊՆ-ը հայտնել է ադրբեջանական կորուստների իրական թիվը
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը Չինարիի միջադեպը որակել է «սադրիչ գործողություն»

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության կապակցությամբ: Այս մասին ասված է կազմակերպության կայքում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը ՀՀ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»:

Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ.

«ՀՀ ԶՈւ-երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չէ»,– սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Ադրբեջանական զոհերի թիվը, ըստ ՊՆ տեղեկությունների, հասնում է յոթի: Հատկանշական է, որ թեև մինչեւ հիմա ադրբեջանական կողմը հերքում է հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին տեղեկությունները, ապա այժմ հայտնում է հայկական ջոկատների «դիվերսիոն ներթափանցման փորձի մասին: