Գյուլ. Ցավոք, հայ-թուրքական արձանագրությունները արդյունք չտվեցին
Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատումը իր հետ բերելու է նաև տարածաշրջանի տնտեսական զարգացում: Ես ավելի շատ հավատում էի խնդրի կարգավորմանը ոչ թե պատերազմի միջոցով, այլ քաղաքականության ու դիվանագիտության: Ես աշխատում էի հանուն դրա, բայց ապարդյուն: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ անդրադառնալով իր նախագահության օրոք ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
«Անկասկած, մենք երբեք չենք հաշտվի Ադրբեջանի տարածքների մի մասի օկուպացիայի հետ: Մենք մի ազգ ենք՝ երկու տարբեր պետություն: Այդ օկուպացիան երկար ժամանակ է արդեն տևում: Կա խնդրի կարգավորման երկու ճանապարհ՝ կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն ու դիվանագիտություն: Իհարկե, դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծման համար հարկ է բանակցել, դրանք երբեմն լինում են բաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում անցկացվում են նիստեր, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն: Իսկ երբեմն այդ հանդիպումներն անցնում են փակ դռների ետևում՝ դիվանագետները նստում են սեղանի շուրջ, քննարկում, թե ինչպես կարող են լուծել այս խնդիրը և խնդրում աշխարհին աջակցել իրենց: Ցավոք, մեծ պետությունները տարիներ շարունակ այս հիմնախնդրին համարժեք ուշադրություն չեն հատկացրել: Ես կարծում եմ, որ այն չպետք է մնա սառեցված, անցել է 20-30 տարի: Ի՞նչ է, պետք է անցնի ևս 50 տարի: Ես արել եմ դա հանուն խնդրի կարգավորման, սակայն ցավոք՝ հայ-թուրքական արձանագրությունները ոչ մի արդյունք չտվեցին», - նշել է Գյուլը:
Թուրքիայի նախկին նախագահի խոսքով, վաղ թե ուշ այս հարցերը լուծվելու են կա՛մ ռազմական, կա՛մ դիվանագիտական ճանապարհով.
«Անշուշտ, հարկավոր է նախապատվությունը տալ դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորմանը: Քանի որ մենք տեսնում ենք, թե ինչին են հանգեցնում պատերազմները: Ինձ համար առաջնային է այս օկուպացիային վերջ տալը: Ես արել եմ ամենը, որպեսզի թույլ չտամ այս խնդիրը մնա սառեցված վիճակում: Ցավոք, դա չհաջողվեց»,- հավելել է նա: