Ալեքսանդր Լապշինի մայրը ցանկանում է ցուցմունք տալ
Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում այսօր շարունակվեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը:
ԱՊԱ-ի հաղորդմամբ, այսօրվա նիստում ցուցմունք են տվել վկաները:
Դատավորը նշել է, որ Ալեքսանդր Լապշինի մայրը ևս ցանկանում է ցուցմունք տալ, հնարավոր է դա տեղի ունենա հաջորդ դատականի նիստում:
Աղբյուրը նշում է, որ այն նշանակված է հուլիսի 6-ին:
Ուրբաթ օրը կայացած դատական նիստում Լապշինը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել է հարցերին: Այնուհետ հանդես են եկել վկաները:
Լապշինը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով (պետության դեմ բացահայտ կոչեր) և 318.2 հոդվածով (պետական սահմանի ապօրինի հատում):
Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նա ներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: