VERELQ представляет обзор армянской печатной прессы.
«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին՝ մտացածին են, եւ իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում եւ մասնավորապես՝ մեր կուսակցությունում, առողջ աշխատանքային մթնոլորտ է»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Առհասարակ, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ քիչ է շփվում: Համենայնդեպս՝ նախագահի պաշտոնում, եւ հատկապես՝ հայ լրագրողների հետ: Բայց Տավուշում նա անհրաժեշտ համարեց պատասխանել ընդամենը մեկ հարցի, իսկ այդ մեկ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքին:
Բնականաբար, ոչ հարցը, ոչ էլ պատասխանը պատահականության արդյունք չէին: Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ վերջակետ դրեց իր եւ վարչապետի հակասությունների մասին շահարկումներին: Բանն այն է, որ մամուլի առանձին միջոցներ սկսել են հետեւողականորեն թմբկահարել Սարգսյան-Կարապետյան թեժ մրցակցության, հակամարտության մասին: Ավելին՝ այդ հակամարտության գոյության փաստն էլ հիմնավորում են «իշխանության մեդիա-ռեսուրսների» վարքով, որոնք իբրեւ թե վարչապետին «պերսոնա նոն-գրատա» են հայտարարել:
Իրականությունն այնպիսին է, որ իշխանությունն ինքն էլ բազմազան է, եւ հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ նույն կուսակցության որեւէ ներկայացուցիչ կամ թեւ տեղեկատվական արշավ է սկսում մեկ այլ կուսակցի դեմ: Բայց արդյոք սա ներկուսակցական կամ ներիշխանական ճեղքի վկայությո՞ւն է: Ամենեւին էլ ո՛չ: Սա ընդամենը շահերի իրացման գործընթաց է, որը նաեւ ապահովում է թամաշա: Նրանց համար, ովքեր անելիք չունենալու կամ անելիքը չպատկերացնելու հետեւանքով՝ մութ սենյակներում կատու են փնտրում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններին, ապա բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ գործ ունենք ոչ թե հակամարտության կամ մրցակցության, այլ մի տանդեմի հետ, որի համագործակցությունը բավականին երկար է տեւելու ու կանխորոշելու է երկրի քաղաքական դասավորությունը: Տավուշի իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հենց այս ուղերձն է հղել»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս կարելի է ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը, որն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ մեր երկրում կա ատոմակայան, կա Ղարաբաղի կռիվ, դնել, աճուրդով վաճառել: Ես դա ընդհանրապես չեմ պատկերացնում»: Մեր զրույցում այսպես արձագանքեց նշված կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը` կառավարության` պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրին, որտեղ սեփականաշնորհման ենթակա են համարվում նաեւ առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը: «Հասկացա, պրոֆիլը չեն փոխում, բայց ինչո՞ւ են վաճառում, կարո՞ղ եք ինձ բացատրել: Անկապ մի մարդ դառնա գիտական կենտրոնի սեփականատե՞ր: Նախարարը այս տասը ամսվա ընթացքում (ինչ պաշտոնավարում է-խմբ.) այստեղ ոտք դրե՞լ է, մենք ուղիղ ենթարկվում ենք իրեն: Որեւէ փոխնախարար, վարչության պետ մի անգամ եկե՞լ է, նայե՞լ է, թե ինչ վերանորոգում ենք արել, ինչ սարքավորումներ ունենք: Մեզ մոտ կան սարքավորումներ, որոնք այսօրվա դրությամբ լավագույնն են: Մեր կենտրոնը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին»,- շարունակեց Նորայր Դավիդյանը:
Կենտրոնը մասնավորեցման ներկայացնելու հարցը չի քննարկվել ո´չ բուժանձնակազմի հետ, ո´չ էլ անգամ հաստատության տնօրենի: Այժմ նրանք փաստի առաջ են կանգնել: Արհամարհական այդ վերաբերմունքը զայրացնում է տնօրեն Դավիդյանին: «Սա գիտական կենտրոն է, հինգ պրոֆեսոր է աշխատում, գիտությունների ութ թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա´վ, մի անգամ կարելի՞ էր գալ, մի հատ կարելի՞ էր բացատրել` ինչ եք անում»,- վրդովմունք հայտնեց նա` նկատելով, որ այրվածքաբանության կենտրոնը այլ պետությունների պատվերով ու ֆինանսավորմամբ գիտական աշխատանքներ է իրականացնում, որը մասնավորեցման դեպքում հազիվ թե հնարավոր լինի:
Նաեւ, ըստ նրա, այս կենտրոնը Հայաստանում միակն է, որն ընդգրկված է առողջապահության համաշխարհային կազմակերպության ցանկում` իր ապահոված բարձր մակարդակի պատճառով: Երկրում եւս այրվածքաբանության կենտրոնը, որպես այդպիսին, եզակի է: Նորայր Դավիդյանի համար պարզ է, որ բուժհաստատությունը գնել ցանկացողը դա պետք է անի շահույթ ստանալու նպատակով: Բայց նաեւ չի պատկերացնում, թե ինչ ճանապարհով դա պետք է տեղի ունենա, երբ շարունակվելու է պետպատվեր տրամադրվել, իսկ զուգահեռաբար այլ պրոֆիլի բուժծառայություններ տրամադրելն այստեղ թույլատրելի չէ: «Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարության շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ոնց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաեւ խորովածանոց սարքել, երեւի մի քիչ ավելի լավ կլինի»,- արձանագրեց Դավիդյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Աջափնյակում 18 հազար քվե ստացած Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, երեկ մեր լրագրողի հետ զրույցում խոստովանել է, որ ինքն է միջնորդել, որ «Ֆազ» մականունով հայտնի հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ նախկինում ԲՀԿ, այժմ ավագանու ՀՀԿ անդամ Գրիգոր Գրիգորյանի կնոջը՝ Լուսինե Առաքելյանին, թիվ 41 մանկապարտեզի տնօրեն նշանակեն։
Ֆազն ԱԺ ընտրություններում ակտիվ աշխատել է Արման Սահակյանի օգտին եւ, որպես փոխհատուցում, եղբոր կնոջ համար ստացել տնօրենի պաշտոնը։ Սահակյանն սկզբում նշել է, թե գործադիրում ինքն այլ լիազորություններ ունի, իսկ մանկապարտեզի տնօրեն նշանակում են քաղաքային իշխանությունները, բայց ճշտող հարցին՝ չե՞ք միջնորդել կամ բարեխոսել, ասել է․ «Ես շատ ու շատ մարդկանց համար եմ միջնորդել ու բարեխոսել, լավ իմաստով, մասնագետ մարդկանց իմաստով։ Այո, կոնկրետ իրենք ճանաչված ընտանիք են մեր վարչական շրջանում, եւ միջնորդել եմ ես։ Բայց մի էդպես մեկնաբանեք՝ հեղինակություն... Հեղինակությունն ինքը լավ բան է, վատ բան չէ, ես էլ Աջափնյակում հեղինակություն ունեմ»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանության գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել: Պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել, հարազատներին տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա, մի քանի ֆիզիկական անձանց՝ մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել: «Ես չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում»,- գրել է Մելիք Խաչատրյանը: Վերջինս պահեստում որեւէ պակասորդ չի ունեցել: Նա մի քանի օր նախապատրաստել է իր ինքնասպանությունը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան կախված գտել է եղբայրը, որը նույն զորքերում է ծառայում: Մելիք Խաչատրյանն ամուսնացած էր, որդին 10 տարեկան է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը, որը ամենահայտնիներից էր բենզինի և դիզվառելիքի շուկայում, և անցյալ տարվա հոկտեմբերին սնանկացավ Կենտրոն, Նորք–Մարաշ համայնքների առաջին ատյանի վճռով, պարտքի նոր պահանջատեր ունի: Միկա Բաղդասարովից իր պարտքն է պահանջում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Վերջինս երեկ հայտ է ներկայացրել «Միկա Քորփորեյշնի» սնանկության գործով կառավարչին: Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանի ընկերությանը Միկա Բաղդասարովի պարտքը կազմում է մոտ 51 մլն դրամ:
«ՊԵԿ-ում ուշագրավ փոխատեղումներ են իրականացվել: Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը մի քանի օր առաջ ազատվել է պաշտոնից և տեղափոխվել մարզ՝ նշանակվելով Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ: Էրեբունու և Շենգավիթի հարկայինի պետերին նույնպես ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ուղարկել է մարզ, Էրեբունու հարկայինի պետ Սուրեն Էլոյանը նշանակվել է Եղեգնաձորի հարկային տեսչության պետ՝ Կարեն Հայրապետյանի փոխարեն, վերջինս էլ Եղեգնաձորից տեղափոխվել է Էրեբունի՝ զբաղեցնելով Էլոյանի պաշտոնը: Շենգավիթի հարկային տեսչության պետ Արման Մարգարյանն էլ տեղափոխվել է Գավառ՝ համարժեք պաշտոնի, իսկ այստեղի տեսչության պետ էդգար Մուրադյանը՝ Երևան, զբաղեցնելով Շենգավիթի հարկային տեսչության պետի պաշտոնը»,- գրում է «Հրապարակ» թերթը: