VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ կաշառքի միջնորդության համար։ Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ։ Մեր տեղեկություններով՝ այժմ իրավապահները կալանավայրերում անազատության մեջ գտնվողներին հորդորում են հաղորդում ներկայացնել, թե դատավորին կաշառք տվե՞լ են, ինչքա՞ն, որտե՞ղ, ո՞ւմ միջոցով։ Փոխարենը խոստանում են «քաղցր աչքով» նայել։ ՔԿՀ-ներում մեկնարկած «դաստիարակչական» աշխատանքների մասին դատավորները տեղյակ են, եւ բոլոր մեծ ու փոքր «մեղք» գործածներն ահուսարսափի մեջ են, թե ով է հաջորդը»:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն առաջիկայում կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան: Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պաշտոններ էին բաշխվում, Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի մի քանի հավակնորդներ կային, այդ թվում քննարկվում է ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի անունը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս իրավապահ մարմինների մի հայտարարություն կայծակնային արագությամբ տարածվեց լրատվամիջոցներով ու ողջ համացանցով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական բազմածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 25.05.2017 թ. ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ–ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը: Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմածավալ քննչական գործողություններ»: Մեկնաբանություններ եղան, թե ոստիկանությունը երևի պատերազմ է հայտարարել Պետեկամուտների կոմիտեին: Այս միտքը, իհարկե, անհիմն ու մերկապարանոց է հնչում: Սակայն «Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետեկամուտների կոմիտեն 50 միլիոն դրամի ակտ է գրել «Արսուգրիգ» ՍՊԸ–ի վրա, որի տերը Հովհաննես Հրաչի Պողոսյանն է: Հետո՞ ինչ, կասեք: Բանն այն է, որ Հովհաննեսը ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հունան Հրաչի Պողոսյանի հարազատ եղբայրն է: Չարախնդացողները կարող են ասել՝ դե ոստիկանները ձերբակալեցին «Բավրայի» մաքսակետի պետ Երեմ Մարգարյանին, ՊԵԿ–ն էլ «մուռը» հանեց փոխոստիկանապետից: Բայց երեկ երրորդ գործողությունն էլ է կատարվել:
«Փաստի» տվյալներով՝ Հովհաննես Պողոսյանին 50 միլիոնով տուգանելուց հետո, երեկ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել Դեղատան փողոցում: Բանն այն է, որ ՊԵԿ–ի աշխատակիցների ավտոմեքենաները (պետական և մասնավոր) կայանված են այս փողոցում: Ու ոստիկանությունը երեկ իսկական գրոհ էր կազմակերպել այս ավտոմեքենաների վրա: Սխալ կայանելու համար բազմաթիվ վարորդներ տուգանվել են, ոմանց ավտոմեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխվել: Բանը հասել է դիվանբաշուն: Երկու կողմերի ղեկավարներին տեղեկացրել են «պատերազմական» իրավիճակի մանրամասները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան»,- երեկ տոնական մի միջոցառման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ժողովրդական լեզվով ասած, ցեցը գցելով օլիգարխների ջանը:
Առավել քան համոզված եմ, որ Շարմազանովը տվյալ պարագայում ոչ թե Սերժ Սարգսյանի ուղղակի ցուցումն է կատարել, այլ ուղղակի բացահայտել է այն տրամադրությունները, գուցե նաեւ խոսակցությունները, որ կան իշխանության վերնախավում: Մյուս կողմից՝ Շարմազանովը ներկայացնում է ՀՀԿ-ի այն թեւը, որ ներսում պարբերաբար դժգոհում է «անարդարությունից», թե իբր օլիգարխների պատճառով ամբողջ օրը ժողովրդի «թուք ու մուրն» են ուտում, իսկ դրանք տեղներից շարժվել չեն ուզում: Ուշագրավ է, որ Շարմազանովին արձագանքած ոչ մի օլիգարխ չի ասել, որ հնչածը ընկալել է ներդրումներ անելու հորդորի համատեքստում: Այսինքն՝ Հայաստանը ներդրումների տեսանկյունից այնքան անհույս երկիր է, որ ոչ մի բանական մարդ չի համարում, որ ԱԺ փոխնախագահը կարող էր ներդրումներից խոսել: Մյուս կողմից` օլիգարխները շատ լավ հասկանում են, որ բյուջեն դատարկ է, դրսից փողեր չեն սպասվում, եւ ժողովրդի բերանը փակելու համար իրենց ստիպելու են «մուծվել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռամկավար ազատական կուսակցության» ներսում նոր սկանդալ է հասունանում. սփյուռքի կառույցները որոշել են, որ Հայաստանում այլեւս անիմաստ է ՌԱԿ ներկայացուցչություն ունենալը: Երեկ նման հայտարարություն է արել ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը: Ավելի ուշ ՌԱԿ հայաստանյան կառույցը հայտարարություն տարածեց այն մասին, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն որպես այդպիսին, չեն ներկայացնում ՌԱԿ-ը եւ չունեն լիազորություններ կատարելու հայտարարություններ: Իսկ այդ կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը, որ հայտարարեց, թե ՌԱԿ կենտրոնական կառույցը իրենք են, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Հիմա այս պահին ես եմ ատենապետը կենտրոնական վարչության: Մեր կուսակցությունը 91 թվականից Հայաստանում գրանցված է պաշտոնապես: ...Իրենց հետ կապ չկա, այդ խմբակի հետ: Փոքր մի խմբակ է, որի հետ կապ չունենք»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Իշխան Զաքարյանն արդեն անցանկալի անձ է թե’ ԲՀԿ-ի, թե’ իշխանությունների համար: Պատճառը մի քանի դաշտում խաղալու նրա սովորությունն է: Պարզվում է` ԿԸՀ-ից դիմումները հետ վերցրած հայտնի ԲՀԿ «ութնյակի» հետեւում կանգնած է եղել հենց Վերահսկիչ պալատի նախկին նախագահը: ԱԺ փոխնախագահ դառնալու փորձի ձախողումից հետո նա ցանկացել է այդ «ութնյակից» ստեղծել ոչ ֆորմալ ԱԺ խմբակցություն, որի ստվերային ղեկավարը կլիներ ինքը եւ «կխաղար» իշխանական դաշտում: Այս առնչությամբ նա փորձել է ստանալ նախագահականի «ադաբրյամսը», սակայն այնտեղից «չորով» մերժել են: Այս մասին բավականին բարձր մակարդակով Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել են, որ նրա թիմի որոշ անդամներ շատ սխալ են պահել իրենց եւ շարունակում են նույնն անել: Ծառուկյանի ու Զաքարյանի միջեւ տեղի է ունեցել շատ կոշտ խոսակցություն` նույնքան կոշտ դրսեւորումներով: Ասում են նաեւ, թե Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ ցանկացել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, սակայն աուդիենցիա չի ստացել, ստիպված է եղել «պատահական» հանդիպել նրա հետ»:
«Փաստ» թերթը զրուցել ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ.
Պարոն Աղաբաբյան, ի՞նչ եք պատրաստվում անել, եթե, չնայած Ձեր հորդորներին, կառավարությունը որոշի վաճառել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն:
Նախ՝ դիմելու եմ կառավարություն, քանի որ անպայման դա հարկավոր է մասնավորեցման ցուցակից հանել, որովհետև 50 տարով մենք արենդայով վերցրել ենք, 18 տարվա վարձավճարներ ունենք մուծած, դրամական ներդրումներ արած: Ուղղակի թյուրիմացության մեջ են գցել կառավարությանը, կառավարությունը հանել է վաճառքի: Բացատրելու ենք, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն, որը մարզահամալիրի պահուստային դաշտն է, ստադիոնի անբաժանելի մասն է:
Պարոն Աղաբաբյան, հայտնի է սակայն, որ «Հրազդան մարզադաշտը» արդեն իսկ սնանկ է ճանաչվել:
Հրազդան մարզադաշտը սնանկ է ճանաչվել, սակայն սպասում է դատարանի վերջնական որոշմանը, որ անցնենք առողջացման ծրագրին:
Ի վերջո՝ այսօր որքա՞ն է մարզադաշտի պարտքի ընդհանուր գումարը:
Ունենք 5–6 պարտատեր, նաև՝ կոլեկտիվի աշխատավարձը: Մենք դա կարող ենք մի երկու տարվա մեջ փակենք, եթե ինչ–որ բան չվաճառենք, միանգամից չփակենք: Մոտ 3 մլն դոլար, որը մնացել է Հայաստան–Թուրքիա խաղին պատրաստվելու համար վերցված 4,5 մլն վարկից, տոնավաճառի քանդվելուց հետո չկարողացանք վարկը մարել, ընկանք մեծ կրիզիսի մեջ: Կա հարկայինի հայցը, կա ֆուտբոլի ֆեդերացիայի հայցը: Ընդհանուր պարտքը կլինի երևի 4 մլն դոլարի չափ: