Ապագայում Հայաստանը ներդրումների դիմաց կարող է քաղաքացիություն շնորհել
Մայիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է «Arton Capital» մասնագիտացված կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնին, բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Էմիլ Շահմուրադյանին, հատուկ իրավական խորհրդատու Սամ Բայաթին եւ կազմակերպության փորձագիտական խմբի այլ ներկայացուցիչների:
Վերջիններս Հայաստանում են գտնվում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հրավերով, որը Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է «Աջակցություն միգրացիային եւ սահմանների կառավարմանը» ծրագիրը՝ ուղղված աջակցելու ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից «Որոշակի գումարից ավել ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակման աշխատանքներին։
Ողջունելով հյուրերին` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, մասնավորապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը եւ դրա հիման վրա` տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված քայլերը եւ ավելացրել, որ վերոնշյալ ռազմավարության մշակումը կարող է ներդրումներ ներգրավելու խթան հանդիսանալ Հայաստանի համար։
Նա նաեւ կարեւորել է «Arton Capital» կազմակերպության դերն ու փորձառնությունը տվյալ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրության գործում, ինչը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի համար առավել արդյունավետ մոդել մշակելու համար:
«Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են օտարերկրյա մի շարք այլ պետություններում քաղաքացիություն ստանալու ընթացակարգերին, դրանց ժամկետներին, ՀՀ համար առավել համապատասխան մոդելի ընտրությանը եւ ներդրման արդյունավետ շեմին վերաբերող մի շարք հարցեր։