ՌԴ-ից զենքի մատակարարումը և 200 մլն վարկի, և ընթացիկ պայմանավորվածություններով է լինելու
Հայաստան-Ռուսաստան 200 մլն միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը իրականացվում է առանց ուշացումների, նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Պաշտոնյայի խոսքով, Հայաստանը ՌԴ-ի հետ ունի հատուկ համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն իրականացնել հատուկ պայմաններով, այսինքն՝ ՌԴ-ից սպառազինությունը ձեռք բերել ներքին գներով, որոնք գործում են ռուսական բանակի համար
«2017 թ-ին մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների», - ի պատասխան ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հայտարարության, թե ՌԴ-ն կշարունակի պաշտպանական զինտեխնիկայի մատակարարումը Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին ասել է նա: Այվազյանը պարզաբանել է, որ խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի մասին է՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Զենքի բոլոր տեսակները, բնականաբար, ներկայացնել չեմ կարող, բայց այն, ինչ 200 մլն վարկի շրջանակում է ձեռքբերվում՝ հայտնի է», - հավելել է բանախոսը:
VERELQ-ն արդե տեղեկացրել է, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է:
Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով, ՀԱՊԿ-ի շրջանակներում առաջիակայում կարող է իրականացվել ծրագիր կազմակերպության անդամ պետությունների արագ արձագանքման ուժերին անվճար զենք մատակարարելու նպատակով: