Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով եւ շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա: Այս մասին ԱՄՆ դեսպանատան Կոնտուր Գլոբալ ընկերության նախաձեռնությամբ մայիսի 17-ին կազմակերպված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովին հայտարարել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ կազմակերպել է մեկօրյա համաժողով, որի ընթացքում վերականգնվող էներգետիկայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ և շուրջ 70 հայկական ընկերություններ պետք է քննարկեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակները:
Համաժողովին մասնակցում է ամերիկյան 7 խոշոր ընկերություն, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցով: ԱՄՆ դեսպանը նախ իր ելույթում նշեց, որ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել այս ոլորտում:
«Հայաստանը հպարտությամբ կարող է նշել այն ճանապարհը, որն անցել է 25 տարիների ընթացքում, թե ինչ հեռուն է գնացել: Վերջին 5 տարիների ընթացքում էներգիայի արտադրության ծավալները Հայաստանում 20 տոկոս աճ են արձանագրել: Այսօր Հայաստանում կան էներգաարտադրության կարողություններ, և դա նշանակում է, որ հայաստանյան շուկան ընդլայնվում է, արդեն տարածաշրջանային հարցեր կարելի է այստեղ քննության առնել», - ասաց դեսպանը:
Դեսպանը նշեց, որ առաջնորդվելով վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման և էներգախնայողական ծրագրերին ուղղված աշխատանքները՝ ՀՀ կառավարությունը մշակել և ներդրել է մեխանիզմներ և ծրագրեր, որոնք թույլ են տալիս զարկ տալ վերականգնվող և արևային էներգետիկայի աճին Հայաստանում: «Իսկ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ, ինչպես եղել է վերջին 25 տարիների ընթացքում»,- ասաց նա:
Առկա հնարավորությունները, նշում է դիվանագետը, ներառում են թե ավանդական էներգաարտադրությունը, թե նոր` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառումը: «Այս պատճառով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է այս համաժողովը, որպեսզի ամերիկյան ներդրողներին ներկայացնի վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա հնարավորությունները», - ասաց Միլսը:
Միեւնույն ժամանակ Միլսը նշեց, որ ներդրումները խրախուսող ԱՄՆ դեսպանությունը չի կարող արդյունքների մասով որևէ երաշխիք տալ: «Մեր խնդիրն է մեկ հարկի տակ հավաքել ամերիկյան գործարարներին, ներկայացնել Հայաստանի հնարավորությունները, օգնել, որպեսզի հայաստանյան կողմի հետ այս երկխոսությունը ձևավորվի ու ընթանա: Այսօրվա համաժողովն էլ հենց նման մի քայլ է», - ասաց նա՝ հավելելով, որ այս համատեքստում հայաստանյան գործարարների, Հայաստանի կառավարության խնդիրն է, որպեսզի ձևավորեն ու ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանն ամերիկյան ներդրողների համար:
«Առավելապես կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար», ասաց Միլսը:
Դեսպանը նաև հավելեց, որ ամերիկյան ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել այս նախաձեռնության նկատմամբ, ավելին, քան դեսպանատունն ակնկալում էր երկու ամիս առաջ, երբ պլանավորում էր այս համաժողովի անցկացումը:
Նա անկեղծացավ՝ նշելով, որ ավելի շատ ամերիկյան ընկերություններից են հետաքրքրություն ստացել, որ մասնակցեն, քան կարող էին ապահովել: «Ես կարծում եմ, որ սա նաև պայմանավորված է նրանով, որ էներգետիկ ոլորտում արդեն նման գործունեության նախնական քայլեր եղել են, խոսքը Կոնտուր Գլոբալ ընկերության կողմից արված ներդրումն է», - ասաց նա` հավելելով, որ Կոնտուր Գլոբալի կողմից Որոտանի կասկադի ձեռքբերման ու ներդրումային գործընթացը շատ հաջող է ընթացել:
Այս հարցում, նշում է դեսպանը, ՀՀ կառավարությունը աջակցություն է ցուցաբերել, և Կոնտուր Գլոբալի հաջողությունը խթան ու ոգևորող գործոն է հանդիսացել մյուս ընկերությունների համար: