24.11.2024
ՌԴ տնտեսական անվտանգության ռազմավարությունը տնտեսության ապադոլարացման խնդիր է դրել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական լոբբին գրոհել է ԱՄՆ մամուլը. ռուսական զենքով ՀՀ-ն սպառնալիք է ներկայացվում

Ապրիլին ՀՀ Զինված Ուժերի գեներալ Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ քարտուղար, իսկ ՀԱՊԿ-ը հայտնի է որպես «Պուտինի ՆԱՏՕ»: Խաչատուրովի նշանակումը վկայում է, որ Մոսկվայի ունեցած եվրասիական արբանյակների ֆոնին Հայաստանն առանձնանում է որպես ուլտրահավատարիմ ու Ռուսաստանից կախյալ երկիր: Այս մասին գրում է Independent Journal Review-ի հոդվածագիրը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությանը:


Հոդվածի հեղինակը Ջեյքոբ Կամարասն է, ով հայտնի է իր պրոադրբեջանական ձևակերպումներով հոդվածներով: Այս տարվա ընթացքում սա արդեն երրորդ հոդվածն է, որ առնչվում է Հայաստանին ու Արցախին:


Ըստ հոդվածագրի, Խաչատուրովի նշանակումը ցույց է տալիս հարևանների վրա Կրեմլի ազդեցության աստիճանը: Եվ Հայաստանը նման է ՌԴ ինքնավար շրջանի, որտեղ լի են ռուսական ռազմակայաններն ու զենքը, իսկ արտաքին սահմանները հսկում է ռուսական զինուժը: 


«Նոյեմբերին Կալինինգրադում «Իսկանդերներ» տեղակայելուց բացի Մոսկվան նույն զինատեսակից տեղակայել է նաև Հայաստանում ու Սիրիայում: Ռուսաստանն այդ ձախողված երկրների տարածքները համարում է իր սեփականը: Սիրիայի իրավիճակը պետք է դաս լինի Ասադի հայկական տարբերակի՝ Սերժ Սարգսյանի համար: Նա արդեն սովորություն է դարձրել խաղաղ բնակչությանը ռուսական «Իսկանդերով» սպառնալը: Բայց, թերևս, Սարգսյանը պետք է հաշվի առնի, որ իր տարածաշրջանային պաշտպանները Ռուսաստանը և Իրանը փորձում էին պաշտպանել նաև իրենց մյուս դաշնակցին՝ Ասադին: Հայաստանն էլ շարունակում է ձևականորեն անկախ մնալ՝ ոչ բոլոր կարմիր գծերն են անցել: Հայաստանը նաև հարևանների հետ, ինչպես Ադրբեջանն է, խաղաղություն կառուցելու, դեպի ավելի ամուր ինքնիշխանություն շարժվելու հնարավորություն դեռ ունի: Արդյոք Սարգսյանն այս հնարավորությունը կկորցնի և կընտրի Ասադի կորցրած հնարավորությունների ճանապարհը: Այդ դեպքում ռուսական զենքով Հայաստանը կարող է դառնալ ավելի մեծ սպառնալիք, քան որևէ այլ երկիր»,- եզրափակում է հոդվածագիրը:


Հիշեցնենք, օրերս նաև Washington Examiner-ն էր հակահայկական շեշտադրումներով եւ ադրբեջանական լոբբիի ուղերձներով հոդված հրապարակել, որում ՀՀ և ՌԴ խորացող ռազմական համագործակցությունը ներկայացվում էր իբրև սպառնալիք ՆԱՏՕ-ին: Ի պատասխան, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը պատասխան հոդված էր գրել, սակայն Washington Examiner-ը հրաժարվել էր այն հրապարակել: