Ամերիկյան Washington Examiner-ում հակահայկական շեշտադրումներով եւ ադրբեջանական լոբբիի ուղերձներով հոդված է հրապարակվել, որի հեղինակը Ալեքսանդր Մուրինսոնն է`ամերիկյան առաջատար լրատվական ռեսուրսներում Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական թեզերով տասնյակ հոդվածների հեղինակը:
«Մեկ շաբաթ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը քննարկելու են Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու հարցը: Սա պետք է ահազանգ լինի Վաշինգտոնի համար, քանի որ նշանակում է՝ Ռուսաստանը հաջորդ քայլն է անում իր ռազմական ներկայությունն ավելացնելու եւ Հայաստանին ՆԱՏՕ-ի դեմ հնարավոր գործողությունների մեկնակետ դարձնելու ուղղությամբ:
Միաժամանակ մի խումբ կոնգրեսականներ Կոնգրեսում հայկական հարցերի խումբ են ձեւավորել եւ շարունակում են պնդել՝ ֆինանսական եւ ռազմական օգնություն է պետք հատկացնել Հարավային Կովկասում գտնվող այս երկրին, որը Ռուսաստանի ֆորպոստ է եւ հենց այդպես էլ ներկայանում է:
Ռուսական «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն իր պաշտպանությունը կառուցում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում: Բացի այդ, նա ընդգծել է երկու փաստ, որ ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի տարածքում եւ, որ 2016-ի նոյեմբերին Հայաստանը միացել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգին:
Ռուսաստանի եւ Հայաստանի օրեցօր խորացող ռազմական ալյանսը ուղղակիորեն սպառնում ՆԱՏՕ-ին: Պետդեպի նախկին մամուլի խոսնակ Ադամ Էրելի խոսքով, Հարավային Կովկասում ռուսական զինուժի դիրքերի ամրապնդումը վտանգում է ՆԱՏՕ-ի եւ կառույցի արեւմտյան գործընկերների շահերը: «Վերջին 6 ամիսներին, քանի որ Սիրիայում ռուսական զինուժի գործողությունները եւ Մոսկվայի ճնշումը Թուրքիայի վրա ինտենսիվացել են, ռուսական զինամթերքը պարզապես հոսում է դեպի Հայաստան: Արդեն Հայաստանում են Наводчик-2 եւ Тахион անօդաչու թռչող սարքեր, Ми-24 կործանիչներ եւ Искандер-М բալիստիկ հրթիռային համակարգեր»,- ասել է Էրելը:
Искандер-М-ը փոխել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Դրա հեռահարությունը 500 կմ է: 2017-ի փետրվարին Ռուսաստանն այս համակարգերից է մոտեցրել Միացյալ Նահանգների դաշնակիցներ համարվող Թուրքիայի, Իսրայելի եւ Ադրբեջանի սահմաններին: Այս զարգացումները սուր դիսոնանս են առաջացնում Հայաստանին օգնություն տրամադրելու մասին Կոնգրեսի եւ Բարաք Օբամայի վարչակազմի հաստատած փաստաթղթերի ֆոնին: Այս որոշման ակտիվ աջակիցը կոնգրեսականների խումբն է՝ Ֆրենք Փալոնեի, Ջեքի Սփիըրի, Դեյվիդ Թրոթի եւ Դեյվիդ Վալադոյի ակտիվ գործունեությամբ: 2016-ին նրանք Հայաստանի համար 40 միլիոն դոլարի աջակցություն են պահանջել: Օբամայի վարչակազմը հաստատել է 18.4 միլիոն դոլարի աջակցությունը:
Արեւմտյան փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ Ռուսաստանը Հայաստանի հետ նոր դաշինք է պատրաստում, որը կարող է անսպասելի հարված դառնալ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շահերին: Այս ֆոնին Միացյալ Նահանգների՝ Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը պետք է բացեիբաց քննադատել: Հայկական հանձնախմբի անդամները պետք է նկատողություն ստանան, Հայաստանին ֆինանսական աջակցությունը պետք է դադարեցվի»:
Թարգմանությունը՝ Armtimes.com-ի: