Հոգլանդ. ՄԽ-ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպում է ակնկալում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում այսօր դրված են բազային առաջարկություններ ու փաստաթղթեր, որոնք նախատեսում են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիներ և որևէ մեկը չպետք է հրաժարվի դրանցից: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Նրա խոսքով, նպատակն այն է, որպեսզի հնարավոր լինի օգնել հակամարտության կողմերին անել անհրաժեշտ քայլեր, գտնել խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ քաղաքական կամք, որը կայունություն կբերի երկու ժողովուրդներին: Ամերիկացի համանախագահտ խնդիր է համարել այն հանգամանքը, որ հայերի և ադրբեջանցիների երիտասարդ սերունդը միմյանց հետ չի շփվում, նրանց միջև բացակայում է փոխադարձ վստահությունը, թեև ավագ սերունդը հիշում է ժամանակներ, երբ երկու ժողովուրդները խաղաղ ապրել են միասին:
«Մենք չենք հանձնվում, կողմերը չեն հանձնվում, ոչ ոք չի հանձնվում: Բոլորը փնտրում են ուղիներ կայուն խաղաղության հաստատման համար», - շեշտել է Հոգլանդը՝ ընդգծելով, որ հարկ է ժողովուրդներին պատրաստել միմյանց հետ խաղաղ ապրելուն, այլ ոչ թե պատերազմելուն:
Հոգլանդը նաև ասել է, որ Մինսկի խումբը ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպման ականատեսը դառնալ, քանզի հարկավոր է կյանքի կոչել երկու առաջնորդների կողմից Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այնուհետ, ըստ նրա, կարելի է խոսել նաև հետագա առաջարկների մասին, որոնք կարող էին տնտեսական շահեր բերել երկու կողմերին.
«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել կարգավորել հակամարտությունը, սակայն կողմերը ևս պետք է քայլեր կատարեն դեպի խաղաղություն, համաձայնեցնեն ջանքերն ու լավացնեն բանակցային մթնոլորտը՝ պատրաստելով իրենց հասարակություններին խաղաղությանը և ոչ թե պատերազմի», - հավելեց նա: