ՌԴ տնտեսական անվտանգության ռազմավարությունը տնտեսության ապադոլարացման խնդիր է դրել
Ռուսաստանի տնտեսական անվտանգության ռազմավարությունը մինչեւ 2030 թվականը նպատակադրվել է նվազեցնել երկրի տնտեսության մեջ արտասահմանյան արժույթի օգտագործումը եւ միջազգային շուկաներից Ռուսաստանի ֆինանսական համակարգի կախվածությունը: Այս մասին նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հաստատված փաստաթղթում, փոխանցում է RNS-ը:
«Ազգային ֆինանսական համակարգի կայուն զարգացմանն առնչվող ուղղության իրականացման հիմնական խնդիրներն են՝ միջազգային ֆինանսական եւ ապրանքային շուկաներում կոնյունկտուրայի տատանումներից ազգային դրամավարկային համակարգի կրիտիկական կախվածության նվազեցումը, ռուսական օրենսդրությամբ տնտեսական գործունեություն իրականացնելիս արտասահմանյան արժույթի օգտագործման կրճատումը»,- նշված է փաստաթղթի մեջ:
Դրանից զատ, ռազմավարությամբ երկարաժամկետ ֆինանսական պաշարների ներքին աղբյուրների, ինչպես նաեւ պետական ֆինանսական քաղաքականությանն ուղղված ներդրումային մեխանիզմների զարգացման խնդիրներ են դրվել:
Տնտեսական անվտանգության ռազմավարությամբ նախատեսվում է նաեւ տնտեսության ռազմավարական ճյուղերի վարկավորման աջակցության, պետական ֆինանսական միջոցների կառավարման եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեության կարգավորման կատարելագործում:
Հիմնական խնդիրներից մեկը «ազգային ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների, վճարային քարտերի ազգային համակարգի եւ ֆինանսական տեղեկությունների փոխանցման համակարգի զարգացումն է»:
Ռազմավարության նպատակների թվում է նաեւ հակազդեցությունը կանխիկ միջոցների ստվերային շրջանառության մեջ ոչ կանխիկ դրամական միջոցների փոխանցմանը եւ եկամուտների օրինականացմանը:
Նախագահի հրամանի համաձայն՝ ՌԴ կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում մշակել կազմակերպական, իրավանորմատիվային եւ մեթոդաբանական բնույթի միջոցառումները, որոնք անհրաժեշտ են այս ռազմավարության իրականացման համար, նաեւ ապահովել դրանց կատարումը: Առաջին փուլում կմշակվեն կազմակերպական, մեթադաբանական եւ իրավանորմատիվային բնույթի միջոցառումները (մինչեւ 2019 թվականը), երկրորդ փուլում միջոցառումներ կձեռնարկվեն տնտեսական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացման համար (մինչեւ 2030 թվականը):