Ղազախստանի վարչապետի նախկին տեղակալ Ռահիմ Օշակբաեւն անհանգստացած է ղազախստանցի թոշակառուների ճակատագրով, որոնք կարող են տուժել Ադրբեջանի խոշորագույն միջազգային բանկում առաջացած ֆինանսական խնդրիների պատճառով: Այս մասին Օշակբաեւը գրել է Facebook-ի իր էջում, հայտնում է haqqin.az-ը:
Նրա խոսքով, Ղազախստանի «Միասնական կուտակային կենսաթոշակային համակարգը» ներդրել է Ադրբեջանի միջազգային բանկի պարտատոմսերում 70 մլրդ տենգե (շուրջ 220 մլն դոլար). «71,3 մլրդ տենգե է ներդրված Ադրբեջանի միջազգային բանկում: Պաշտոնական տեղեկություններով, այդ կառույցը դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները: Այսպիսով, կարող են ի հայտ գալ լրջագույն ռիսկեր այդ միջոցների պահպանման համար», - ասված է նրա գրառման մեջ:
Միեւնույն ժամանակ նա հարց է բարձրացրել, թե ով եւ ինչպես է որոշել տեղաբաշխել բարձր ռիսկայնության ակտիվներում քաղաքացիների կենսաթոշակային կուտակումները: Տվյալ բանկի վարկանիշը, ըստ Moody’s-ի, B1 է: «Ակնհայտ է, որ կենսաթոշակային կուտակումների ոչ արդյունավետ օգտագործման խնդիրը պետք է դառնա հանրային քննարկման առարկա», - նշում է ղազախստանցի փորձագետը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի միջազգային բանկը, որ լրջագույն խնդիրներ է կրում երկրում արժույթի դեֆիցիտի և արժութային սուր ճգնաժամի հետևանքով, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները և պարտքի վերակառուցման շուրջ բանակցություններ կսկսի վարկատուների հետ:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, մասնավորապես բանկը մայիսի 10-ին բաց է թողել 100 միլիոն դոլարի ստորադաս փոխառության հիմնական մասի և տոկոսների գծով վճարումը: Օտարերկրյա արժույթով նրա պարտքերի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակառուցման առաջարկվող պլանը պարտավորեցնող կդառնա, եթե այն հավանության արժանացնեն վարկատուները, որոնց հասնում է գումարային արտահայտմամբ պարտքերի երկու երրորդը:
Նշվում է, որ 2019 թվականի մարումով բանկի պարտատոմսերի գինը հինգշաբթի 16 տոկոսի անկում է գրանցել, իսկ եկամտաբերությունն աճել է 14,188 տոկոսով: Վճարումների դադարեցման մասին որոշումը բանկն անվանել է «ցավալի»: