Նավթի գնանկումը ստիպել է Ադրբեջանին ռազմական ծախսերը կրճատել 36 տոկոսով
2016 թվականին նավթ արտահանող շատ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, գրանցվել է ռազմական ծախսերի զգալի կրճատում: Այդ մասին ասված է համաշխարհային ռազմական ծախսերի վերաբերյալ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում:
Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանը ռազմական ծախսերը կրճատել է 36 տոկոսով: Նշվում է, որ նավթից ստացվող եկամուտների նվազումը և նավթի գների ցնցումների հետ կապված տնտեսական խնդիրները ստիպել են նավթ արտահանող շատ երկրների կրճատել ռազմական ծախսերը և, օրինակ, Սաուդյան Արաբիան՝ 2015 և 2016 թվականների համեմատությամբ, գրանցել է ծախսերի ամենամեծ նվազումը՝ 25,8 միլիարդ դոլարի չափով:
Նավթից ստացվող ազգային եկամուտների անկման հետևանքով 2016 թվականին ռազմական ծախսերի մեծ կրճատումներ են գրանցվել Վենեսուելայում ( - 56 տոկոս), Հարավային Սուդանում ( -54 տոկոս), Ադրբեջանում (-36 տոկոս), Իրաքում ( - 36 տոկոս) և Սաուդյան Արաբիայում ( - 30 տոկոս): Այլ նկատելի անկումներ են գրանցվել Անգոլայում, Էկվադորում, Ղազախստանում, Մեքսիկայում, Օմանում և Պերուում:
Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին ռազմական ծախսերի ամենամեծ անկումները գրանցած 15 երկրներից միայն երկուսն են, որ նավթ արտահանող երկրներ չեն: Այնուամենայնիվ, մի շարք նավթ արտահանող երկրներ, ինչպիսին են Ալժիրը, Իրանը, Քուվեյթը և Նորվեգիան, տնտեսապես ավելի լավ պատրաստված են՝ հաղթահարելու համար նավթի գների ցնցումները, և կարողացել են նախորդ տարի պահպանել ռազմական ծախսերի նախատեսված ծրագրերը: