Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից, և իշխանության ակնհայտ սպառվածությունը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողությունը մյուս կողմից, ցույց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պետք է ավարտել 3խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում։
Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։ Հայաստանը պետք է գտնի իր ներսում և արտաքին աշխարհի հետ խոսելու նոր բանաձևեր։ Դա կարող է անել բացառապես նոր քաղաքական իշխանությունը։ Առաջ գնալու համար Հայաստանին պետք է նոր միտք, իսկ դա կարող է անել նոր քաղաքական իրականությունը։
Հայաստանում կա փոփոխությունների ահռելի պահանջ, առայժմ՝ իռացիոնալ, հանրային դաշտում կա նոր միտք և նոր արժեքներ գեներացնող գործիչների իսկապես լավ անվանացանկ։ Մարզերում ձևավորվում է նոր մարզային էլիտա՝ աճող հեղինակությամբ։ Դա քաղաքական դաշտի առողջացման կարևորագույն նախադրյալներից է։
Հայաստանը պարտության ճիրաններից հանելու և ճիշտ Հայաստան կառուցելու հիմքերը դնելու համար արդեն բավականին արագ տեմպերով ձևավորվում են այդ կարևոր նախադրյալները։ Սա հենց այսպես կոչված 4-րդ խմբակցության ձևավորումն է, որպես հենք՝ նոր, սոլիդ իշխանության։
Սա կարևոր է նաև այս իշխանության հեռացումն առավելագույնս անվտանգ անելու համար։ Սա մի իշխանություն է, որն իր հեռանալու փուլում ի վիճակի է երկրի վզին ծայրահեղ ռիսկեր փաթաթելու։ Վերջերս մի տեղ կարդացի շատ դիպուկ բնորոշում. նրանց լոզունգն է ոչ թե՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ՝ մեզնից հետո՝ պարտադիր ջրհեղեղ։ Պիտի անպայման հաշվի առնենք, որ այս քաղաքական խումբն ապրում է այլ հոգեվիճակում, այլ, արդեն սեփական «կրթական համակարգում», և իրենց անխուսափելի հեռացման մասին ունեն իրենց սպեցիֆիկ պատկերացումները։
4-րդ խմբակցություն ասելով՝ ես նկատի ունեմքաղաքական իրականությանֆունդամենտալ փոփոխությունը։ Հատուկ շեշտենք, որ այսօրվա խորհրդարանական ռեսուրսի մի մասը կարող է և պետք է ունենա դերակատարում՝ նոր իշխանության ձևավորման հարցում։
Եթե չգնանք այս ճանապարհով, եթե էլի չգեներացնենք պետական մտածողության տարրական պաշար, երկիրը տանելու ենք մասնատման։
Գյումրին ցույց տվեց մի խիստ մտահոգիչ փաստ՝ անձերի, ընտանիքների, կլանների դոմինացիան քաղաքական ինստիտուտների հանդեպ։ Սա շատ հետադիմական համակարգ է, որը չի բերելու երկրի ստրատեգիական զարգացմանը։
Հետնիկոլական Հայաստանը (նույնիսկ անցումային փուլը, որն արդեն սկսված է) պահանջում է լուրջ քաղաքական միտք, լուրջ պատկերացումներ՝ առաջ գնալու համար։ Երկրին պետք է թարմ օդ, նոր գաղափարներ, նոր կանոններ, նոր բարքեր… Այս ամենը գալու է արխայիկ միավորների՞ց, խոշոր ընտանիքների՞ց, տարբեր պատմություններով զոդված կլանների՞ց։ Իհարկե ոչ։
Մեր ժողովորդը շատ ծանր գին է վճարել, որ մի քանի հոգի՝ իրենց կապերով ու փողերով, հիմա էլ պատմության հաջորդ էջը սկսեն գրել մեր մասին։
Հետպատերազմյան վերականգնում նշանակում է՝ հասարակությանը վարակել սեփական տունը վերականգնելու գաղափարով, դարձնել այն յուրաքանչյուրի և հավաքական հանրության սուպերիդեան։ Սա հնարավոր է անել միայն նոր միավորների, նոր բովանդակության շնորհիվ։
Միայն այդպես է հնարավոր փակել նախկին-ներկա տոքսիկ բաժանումը։ Նոր միավորները հնարավորություն են տալիս ձևավորելու ունակների էլիտա՝ կազմված տարբեր սերունդների, տարբեր հայացքների, տարբեր ուժերի ունակ դեմքերից։
Եթե մենք իրոք ուզում ենք, որ մղձավանջը վերջանա պետք է կոնկրետ քայլերի ճանապարհով գնալ։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ