25.12.2024
Բանավեճի հրավեր, թե՞ նախընտրական քայլ. Փորձագետները՝ Փաշինյանի նոր ռազմավարության մասին
prev Նախորդ նորություն

«Բաքուն ձգտում է ոչ թե խաղաղության, այլ գերիշխանության». քաղաքագետ (հարցազրույց)

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայ-ադրբեջանական հարաբերություններում շարունակվող լարվածության պայմաններում ավելի ու ավելի արդիական է դառնում Բաքվի իրական մտադրությունների և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների հարցը: Թե ինչու է Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացնում Հայաստանին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որքանով է իրական նոր էսկալացիայի սպառնալիքը և ինչ գործոններ կարող են ազդել իրավիճակի զարգացման վրա, VERELQ վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում պատմել է հայ քաղաքագետ Դավիթ Հարությունովը: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի առաջնահերթությունը ոչ թե խաղաղության պայմանագրի կնքումն է, այլ տարածաշրջանային գերիշխանության հասնելու և Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու ձգտումը: Զրույցում փորձագետն անդրադարձել է նաև երկրների միջև ռազմական հավասարակշռության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի և հնարավոր զարգացումների սցենարներին, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ առանցքային վիճելի հարցերի շուրջ:


Ցավոք, Ադրբեջանը պարտադրեց իր մոտեցումը Ստեփանակերտի հետ  փոխհարաբերությունների մասով»


Լուսանկարի կենտրոնում քաղաքագետ Դավիթ Հարությունովն է


Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Բաքուն պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը, չնայած դրա դրույթներում ուղղակի տարածքային պահանջների բացակայությանը: Ինչպե՞ս է սա անդրադառնում բանակցային գործընթացի հավասարակշռության վրա:


Ակնհայտ է, որ Ադրբեջանի առաջնահերթությունը ոչ թե խաղաղության պայմանագրի կնքումն է, այլ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը, ներկայումս Բաքվի համար նպաստավոր ուժերի հարաբերակցության առավելագույն կապիտալիզացիան և ամրապնդումը: Հենց դրանով է պայմանավորված ադրբեջանական կողմի պահանջների մշտական ընդլայնումը և, մասնավորապես, այնպիսի պայմանների առաջադրումը, որոնք ծայրահեղ դժվար իրագործելի են Երևանի համար ներքաղաքական և տեխնիկական առումով և իրականացման համար ժամանակ են պահանջում: Մասնավորապես, խոսքը սահմանադրության փոփոխության պահանջի մասին է:


Ինչպե՞ս եք գնահատում Ալիևի հայտարարությունը Ադրբեջանի ռազմական գերազանցության և «սպառազինությունների մրցավազքի» մասին: Որքանո՞վ են իրատեսական նոր ռազմական հակամարտության սպառնալիքները ներկայիս իրավիճակում:


Ադրբեջանի ռազմական գերազանցությունը ներկայումս օբյեկտիվ իրականություն է: Միևնույն ժամանակ, հայկական կողմը ակնհայտորեն քայլեր է ձեռնարկում երկու երկրների ԶՈՒ-երի հնարավորությունների միջև խզումը կրճատելու ուղղությամբ, սակայն այդ միջոցառումների իրական արդյունավետությունը դեռևս պարզ չէ:


Նոր էսկալացիայի հնարավորությունը, ցավոք, պահպանվում է: Այն կապված է Հայաստանի համար անբարենպաստ նշված ուժերի հարաբերակցության և Բաքվի արդեն փորձարկված մարտավարության հետ, երբ Երևանի՝ զիջումների չգնալու դեպքում Ադրբեջանը կիրառում է ռազմական ճնշում: Միևնույն ժամանակ, այդ ճնշման իրական մասշտաբն ու բնույթը այժմ դժվար է կանխատեսել: Բացի այդ, ինչպես ցույց է տալիս փորձը, կարևոր գործոն են գլոբալ և տարածաշրջանային գործընթացները, այսինքն՝ մինչ այժմ Բաքուն ուժ է կիրառել, որպես կանոն, մեր տարածաշրջանից ուշադրությունը շեղող որևէ գլոբալ գործընթացների ֆոնին:


Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր էսկալացիայի հնարավորության վրա ազդող մեկ այլ կարևոր գործոն է Իրանում անկայունության ուժեղացման հնարավորությունը, Մերձավոր Արևելքում կրած պարտությունների ֆոնին տարածաշրջանում Իրանի դիրքերի ընդհանուր թուլացումը, ինչպես նաև Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման հնարավորությունը:


Տարածքային պահանջների մեղադրանքներ հնչում են երկու կողմերից էլ: Կա՞ արդյոք իրական ռիսկ, որ նման հռետորաբանությունը կվերածվի ավելի մասշտաբային քաղաքական կամ ռազմական գործողությունների:


Ինձ թվում է, էսկալացիայի հնարավորությանը նպաստող հիմնական գործոնը նշված ուժերի հարաբերակցությունն է և տարածաշրջանում գերիշխելու Բաքվի ծրագրերը: Միևնույն ժամանակ, տարածքային պահանջների մասին Ադրբեջանի հռետորաբանությունը ստեղծում է որոշակի տեղեկատվական հիմքեր Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրելու համար:


Ինչպե՞ս եք գնահատում այլ երկրների հետ Հայաստանի ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունը: Սա պարզապես Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջո՞ց է, թե՞ այստեղ այլ բան կա:


Հայաստանի ռազմական համագործակցության վերաբերյալ հայտարարություններով Ադրբեջանը ձգտում է մի քանի խնդիր լուծել: Դա առաջին հերթին Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու նշված ռազմավարությունն է: Բացի այդ, հիմքեր են դրվում հայկական կողմի դեմ հնարավոր գործողությունների համար, որոնք Ադրբեջանը կարող է ձեռնարկել ի պատասխան Հայաստանի իբր «ուժեղացված զինման»: Միևնույն ժամանակ, այս հայտարարություններում նկատելի է նաև կողմերի միջև ուժերի հավասարակշռության որոշակի վերականգնումը կանխելու ցանկությունը, ինչը կապված է նաև նրա հետ, որ Ադրբեջանի գոյություն ունեցող ռազմական առավելությունն իրականում այնքան համընդգրկուն և անշրջելի չէ, որքան փորձում է ներկայացնել Բաքուն:


Ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջում Ադրբեջանի իրական նպատակը: Արդյո՞ք Հայաստանը բանակցություններում միջազգային աջակցության այլընտրանք ունի:


ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում Ադրբեջանի նպատակը ղարաբաղյան հակամարտության ավարտի ֆիքսումն է, այս հարցի փակումը և դրա վերջնական հանումը միջազգային օրակարգից: Հայկական կողմն իրականում շատ քիչ տարածք ունի մանևրելու Մինսկի խմբի պահպանման հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրական իրավիճակը, ինչպես նաև Երևանի հայտարարություններն ու դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում: Բացի այդ, ՄԽ լուծարման փաստացի գործընթացն արդեն սկսվել է՝ հաշվի առնելով դրա ակտիվության փաստացի բացակայությունը, ինչպես նաև այն, որ համանախագահ երկրները նշանակում են հայ-ադրբեջանական կարգավորման հատուկ ներկայացուցիչներ և հատկապես չեն հիշատակում Մինսկի խումբը: Հարցը կարող է մնալ օրակարգում, բայց, ցավոք, ամենայն հավանականությամբ, կապված կլինի ոչ թե իրական գործընթացների, այլ տարբեր ուժային կենտրոնների կողմից Բաքվի վրա ճնշման հետ:


Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնց պատճառով կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ երրորդ երկրների տեղակայման և միջազգային հայցերից հրաժարվելու հարցերում:


Ինչպես արդեն նշել եմ, հիմնական պատճառն այնուամենայնիվ կապված է նրա հետ, որ ադրբեջանական կողմը ոչ թե ձգտում է խաղաղության պայմանագրի կնքմանը, այլ Հայաստանի նկատմամբ գերիշխանության: Միևնույն ժամանակ, այս երկու կետերով համաձայնության հասնելու ներուժն ակնհայտորեն կա:


Ի՞նչ սցենարներ եք տեսնում, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ Խաղաղության պայմանագրի առանցքային վիճելի հարցերի շուրջ:


Տեսականորեն չի կարելի բացառել, որ ներկայիս իրավիճակը, երբ կողմերը չեն մտնում ուղղակի ռազմական հակամարտության մեջ և գոյակցում են առանց խաղաղության պայմանագրի, երկարաժամկետ բնույթ ստանա: Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի նախորդ գործողությունները և ներկայիս հռետորաբանությունը, ավելի հավանական է թվում որոշակի պահի որևէ ձևով Հայաստանի նկատմամբ ռազմական ճնշման վերսկսումը: